Իրավունք

Ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքով հարուցվել է քրգործ. մանրամասներ

2 րոպեի ընթերցում

Ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքով հարուցվել է քրգործ. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, hունիսի 15-ի առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է զինվորական համազգեստով երիտասարդի դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է սպանված երիտասարդի ինքնությունը, ով Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում