Տնտեսություն

Մասնագետները Հայաստանում գիտական տուրիզմի զարգացման նախադրյալներ են տեսնում

4 րոպեի ընթերցում

Մասնագետները Հայաստանում գիտական տուրիզմի զարգացման նախադրյալներ են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի հայկական ինստիտուտում ստեղծվել է գիտական տուրիզմի ամբիոն: Ինչպես հունիսի 11-ի ասուլիսին հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի (ՀՏԻ) ռեկտոր Ռոբերտ Մինասյանն, ամբիոնն ստեղծվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան համագործակցությամբ:

«Աշխարհում չկա մի ոլորտ, որ կարողանա զարգանալ առանց գիտության: Այդ թվում նաև տուրիզմը: Իսկ գիտական տուրիզմը կավելացնի զբոսաշրջային հոսքերը, ինչը կբերի երկրի տնտեսության աճի:Մեզ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի տուրիզմի ոլորտ գան նոր մարդիկ՝ նոր մոտեցումներով, նոր մտահղացումներով, որպեսզի հայաստանյան տուրիստական ոլորտը համապատասխանի համաշխարհային պահանջներին. այդ նպատակով էլ հիմնվել է գիտական տուրիզմի ամբիոնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց Ռոբերտ Մինասյանը:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն էլ նշեց, որ աշխարհում շատ չեն երկրները, որտեղ զբաղվում են գիտական տուրիզմով, դրանով դեռ զբաղվում են միայն խոշոր երկրներում:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ դեպի հնավայրեր զբոսաշրջային հոսքերի ապահովման խնդրին:«Մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեղեկություններ Հայաստանի այս կամ այն հնավայրում կատարած հետաքրքրի հայտնագործությունների վերաբերյալ: Առանց մեր հնագետների նույնիսկ ես չէի այցելի Հայաստանի բավականին հետաքրքիր վայրեր: Այդ առումով շատ կարևոր է զարգացնել գիտական տուրիզմը, ինչը երկիր կբերի նոր տուրիստների հոսք»,- ասաց նա:

ԳԱԱ նախագահը, խոսելով ամբողջ աշխարհում շարքային մարդկանց կողմից գիտության նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության մասին, նաև հիշատակեց ամենահին ժամանակները, երբ մարդիկ առանձնահատուկ հետաքրքրված էին աստղերով և փորձում էին հասանելի միջոցներով հետևել դրանց:

«Մենք, հասկանալով գիտական տուրիզմի առավելությունը, գործնականորեն շատ քայլեր պետք է կատարենք, որպեսզի իրականացնենք մեր գաղափարը: Այս դեպքում շատ կարևոր է գիտության և տուրիզմի համագործակցությունը: Այդ առումով կառաջարկեմ տուրիստական ընկերություններին գիտական ինստիտուտներին նույնպես դիտարկել որպես այցելավայրեր», - ընդգծեց Արեգ Միքայելյանը:

Օրինակ բերելով Բյուրականի աստղադիտարանը՝ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը նշեց, որ, հանդիսանալով Հայաստանի ամենաայցելվող վայրերից, այնուամենայնիվ, այն դուրս է մնում շատ տուրիստական ընկերությունների ուղեցույցներից: Նա կոչ արեց գիտական հիմնարկներին վերանայել իրենց աշխատանքը և մտածել, թե ինչ կարող են ցուցադրել տուրիստական խմբերին ինչպես կատարված աշխատանքի միջոցով, այլնպես էլ՝ հետաքրքրի շնորհանդեսների:

Արեգ Միքայելյանը հավելեց, որ գիտական տուրիզմի թիրախային խումբը պետք է լինեն ոչ միայն արտերկրից ժամանած հյուրերը, այլ նաև ներքին տուրիստական հոսքերը և երեխաները: Վերջինների համար գիտական ինստիտուտներում հետաքրքրքշարժ ուսուցողական ծրագրերի առկայության դեպքում երեխաների մոտ կխթանվի սերը դեպի ուսումը և հարգանքը գիտության նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում