Իրավունք

Հաջորդ շաբաթ ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներ կլինեն

2 րոպեի ընթերցում

Հաջորդ շաբաթ ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կրկին բաց լսումներ տեղի կունենան «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» անվանումով գործերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի խորհրդից, բաց լսումները տեղի կունենան հունիսի 16-ին: Ակնկալվում է, որ գործերով վճիռներ կկայացվեն:

Եվրոպական դատարանում քննարկվելիք երկու գործերն էլ առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, մասնավորապես` հակամարտության ակտիվ փուլում քաղաքացիների սեփականության իրավունքներին առնչվող խնդիրների հետ:

Ադրբեջանի դեմ ՀՀ քաղաքացի Մինաս Սարգսյանի հայցով Եվրոպական դատարանի առաջին լսումը կայացել է 2010թ.-ի սեպտեմբերին: Մ. Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, իր սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային եւ կրոնական պատկանելության պատճառով խտրականությունների, ինչպես նաեւ հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության դեմ: Ադրբեջանն այդ հայցի լսումների ընթացքում հանդես է գալիս որպես պատասխանող, Հայաստանը՝ 3-րդ կողմ:

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի մեղադրող կողմի ներկայացուցիչներն Ադրբեջանի 7 քաղաքացի են, ովքեր բոլորն էլ ներկայացել են որպես Լաչինի նախկին քրդեր, իրենց գանգատում պնդել են, որ մինչեւ հակամարտությունը իրենք բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են գույք` բնակարան, ավտոմեքենա եւ այլն: Պատերազմի արդյունքում նրանք ստիպված են եղել լքել իրենց ունեցվածքը, եւ այժմ չկա մոտակա ժամանակահատվածում իրենց կողմից իրենց գույքը տնօրինելու հնարավորություն ստանալու հեռանկար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում