Թուրքագետը կանխատեսում է փակուղայինից դեպի ճգնաժամ տանող իրավիճակ Թուրքիայում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով` երկրում քաղաքական նոր միջավայր է ձևավորվել: Թեպետ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հավաքել է առավելագույն ձայներ, բայց նախորդ տարիների համեմատ տանուլ է տվել` երկիրը փակուղուց տանելով դեպի ճգնաժամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանը գրանցված արդյունքները որակում է որպես իշխող կուսակցության պարտությունը, ինչի արդյունքում այդ ուժի և նրա ղեկավարի հետագա հավակնությունների գիծը կտրվեց: «13 տարիների իշխանության շրջանում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարողացել էր վերարտադրվել` ունենալով միակուսակցական կառավարություն և հիմա պարտվեց: Էրդողանը մեծ հավակնություններ ուներ հատկապես սահմանադրական բարեփոխումների, երկրի քաղաքական համակարգի փոփոխության առումներով, ու այժմ, այսպես ասենք, եթե այդ հարցերը դարակը չդրվեն, ապա նրանց հեռանկարը չափազանց մշուշոտ է: Թուրքիայի իշխանությունների` հանձին Էրդողանի, այս հավակնություններն ընդհատվեցին»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Նրա բնորոշմամբ` Թուրքիայում ձևավորված քաղաքական իրավիճակը բավականին բարդ է, հետագան էլ` չափազանց անորոշ: Առաջացել է կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն, որը, հաշվի առնելով քաղաքական ուժերի` միմյանց նկատմամբ վերաբերմունքը և քարոզարշավի միտումները, մշուշոտ է: Լևոն Հովսեփյանը նախանշեց Թուրքիայում քաղաքական կոնֆիգուրացիայի մի քանի սցենարներ: «Բանակցությունների փուլ պետք է անցկացվի և իշխանական կուսակցությունը պետք է կոալիցիայի հարցով բանակցի բոլոր քաղաքական ուժերի հետ: Ամեն դեպքում` մի քանի սցենարներ կարող եմ ասել, որոնք իրագործման հավասար հավանականություն ունեն: Մեկը` իշխող կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության կոալիցիան է, չնայած` այդ կուսակցության ղեկավար կազմը հայտարարել է, որ կոալիցիայի չեն գնա: Այդուհանդերձ` չենք կարող առաջնորդվել նրանց նախնական հայտարարություններով, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ նրանք հետագայում ի կատար չեն ածել իրենց տված խոստումները: Այնպես որ, չի բացառվում այդ կոալիցիան: Մյուսը` կարող է լինել «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության միջև կոալիցիան, բայց նրանք ևս հաստատել են իրենց որոշումը չմիանալու իշխող կուսակցությանը: Նաև հնարավոր է համարվում արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ իրավիճակը փակուղային է դառնում: Այս անորոշ իրավիճակում ես առավել հնարավոր եմ համարում, որ կառավարության ձևավորման գործընթացը կտապալվի, կհայտարարվեն նոր ընտրություններ, քանի որ այդ երաշխավորմամբ օժտված է Թուրիքայի նախագահը Սահմանադրությամբ»,-ասաց թուրքագետը` հավելելով, որ ցանկացած ձևաչափի պարագայում էլ Թուրքիայի քաղաքական օրակարգում նոր շրջան է սկսվում:

«Եթե կոալիցիա էլ ձևավորվի, դա կունենա բավական կարճ կյանք, երկիրն էլ կհայտնվի անկայուն իրավիճակոմ: Թուրքիայի պատմությունը ցույց է տվել, որ կոալիցիաները կենսունակ չեն լինում: Եվ, հաշվի առնելով երկրում արմատացած տարբեր հիմնախնդիրները և դրանց նկատմամբ ուժերի հակադիր մոտեցումները, քաղաքական իրավիճակը գնում է դեպի ճգնաժամ: Ներկայում Թուրքիայում այս իրավիճակն է` փակուղայինից դեպի ճգնաժամ»,-ավելացրեց Լևոն Հովսեփյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի մեջլիս առաջին անգամ մտավ քրդամետ կուսակցություն, թուրքագետը նկատեց, որ դա տեղի ունեցավ «Արդարություն և զարգացում» կուսակցության ձայների կորստյան հաշվին: Լևոն Հովսեփյանի դիտարկմամբ` դա պայմանավորված էր նրանով, որ քրդամետ ուժն առաջ էր տանում ոչ միայն քրդական գործոնը, այլև խելամիտ քարոզարշավի արդյունքում շահեց Թուրքիայի կրոնական, էթնիկ փոքրամասնությունների, լիբերալ շրջանակների և ձախակողմյան ուժերի աջակցությունը: «Նախկինում թե փոքրամասնությունների, թե ազատականների ձայներն առավելապես Էրդողանինն ու նրա կուսակցությանն էին: Քանի որ ԱԶԿ-ն վերջին տարիներին այդ միտումները դրեց հարցականի տակ, ապա ձայները փոխանցվեցին քրդամետ` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»,-ավելացրեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է հավանական Թուրքիայի մեջլիսի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի հայտնվելը, Լևոն Հովսեփյանը նշեց. «Վերջին շրջանում այդ ուժը հանդես է եկել հայկական խնդրի հետ կապված մի շարք նախաձեռնություններով և վերջիններից մեկն էլ ցեղասանությունների հարցով օրինագծի ներկայացումն էր խորհրդարան, սակայն ամեն ինչ կախված է հետագա քաղաքական կոնֆիգուրացիայից: Թե ինչպիսին կլինի խորհրդարանը, արդյոք կոալիցիոն կառավարություն կկազմվի, քրդամետ ուժն արդյոք ինչ-որ դերակատարում կունենա գործադիր մարմնում, կունենա, թե ոչ»: Թուրքագետը նաև հավելեց, որ քրդամետ ուժի հայտվելը խորհդարանում շատ բան կարող է փոխել Թուրքիայում առկա այն հիմնախնդիրների հարցում, որոնք բավականին ցավագին էին ընկալվում իշխանությունների և ԱԶԿ-ի համար:

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարիներից հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտված կուսակցություններից որևէ մեկի հետ:

Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր): Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ:

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել