Հատուկ նախագծեր

Հայաստանում իմաստուն խաղի նոր սերունդ է մեծանում. Արման Միքայելյանի «Նորամուտը»

5 րոպեի ընթերցում

Հայաստանում իմաստուն խաղի նոր սերունդ է մեծանում. Արման Միքայելյանի «Նորամուտը»

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հայկական դպրոցը շարունակում է նոր «աստղեր» տալ: Նրանք, ովքեր կգան փոխարինելու Լևոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին կամ Սերգեյ Մովսիսյանին, կասեն իրենց ուրույն խոսքը, երբ պետք լինի: Նոր սերնդի ներկայացուցիչները, ովքեր նոր-նոր թափ են հավաքում շախմատային երկար և բարդ ճանապարհի վրա, ունեն ճկուն և հեռատես միտք, առանձնանում են հստակ և մտածված խաղով: Նրանցից մեկը շախմատային հայ իրականության նոր բացահայտումներից մեկն է` Արման Միքայելյանը: Նա խոստումնալից երիտասարդ է, ով մեր հանդիպման ժամանակ առանձնացավ իր համեստ պահվածով և հակիրճ խոսքով, նաև ընդգծվեց շախմատիստին բնորոշ հստակ պատասխաններով:

-Արման, պատմիր խնդրում եմ, ինչպե՞ս ես սկսել շախմատ խաղալ:

-Շախմատ խաղալ սկսեցի 5 տարեկանից, և ինձ այդ իմաստուն խաղի հետ ծանոթացրել է տատիկս: Հետո սկսեցի շատ հետաքրքրվել այդ խաղով և ծնողներիս նախաձեռնությամբ էլ սկսեցի հաճախել շախմատի դպրոց:

-Իսկ երբ արդեն ինչ-որ չափով տիրապետում էիր շախմատին, խաղո՞ւմ էիր տատիկիդ հետ:

-Առաջին անգամ շախմատի քարերին և դիրքերին ծանոթանալուց հետո հենց նրա հետ եմ խաղացել: Եվ առաջին պարտիաներում անընդհատ պարտվում էի: Հետագայում արդեն մի քանի պարտիա արդեն սկսեցի հաղթել:

-Ինչո՞ւ հենց շախմատ:

-Կդժվարանամ բացատրել թե ինչու, գուցե սիրում եմ երկար մտածել, գուցե հակառակը:

-Իսկ ի՞նչ ես կարծում, որ տարիքն է համարվում ճիշտ տարիքը շախմատով զբաղվել սկսելու համար և ե՞րբ է պետք հեռանալ շախմատից:

-Երևի 5, կամ 7, կամ 10, իսկ հեռանալու համար, եթե նա պրոֆեսիանալ է, լավ կլինի մոտ 40 կամ 45 տարեկանում:

-Իսկ դու պատրաստվո՞ւմ ես այդքան խաղալ:

-Չեմ կարող ասել:

-Շախմատիստների մեծամասնությունն ունեն իրենց ուրույն ոճը և փիլիսոփայությունը: Իսկ դու:

-Ոչ, որպես այդպիսին չունեմ իմ շախմատային փիլիսոփայությունը: Սակայն ունեմ ուժեղ կողմեր` սկզբնախաղը, միջնախաղը, բայց նույնը չեմ կարող ասել վերջնախաղի մասին:

-Ասում են և երբեմն փաստերն էլ են այդ ցույց տալիս, որ շախմատիստները սնահավատ են. դո՞ւ էլ:

-Չէ, ես սնահավատ չեմ, և շատ քիչ է պատահում, որ որևէ դեպք կապեմ սնահավատության հետ:

- Կապաբլանկա, Ֆիշեր, թե Կրամնիկ:

-Ֆիշեր: Չէ որ ժամանակին նա ուժեղագույններից էր: Նրա հոգեբանական ընկալումներն այլն էին: Հետաքրքիր է նրա պարտիաները նայելը:

-Բայց, ի վերջո Ֆիշերը հոգեկան շեղումներ ձեռք բերեց:

-Այո, եթե միայն շախմատով ես զբաղվում, այդպես էլ է ստացվում:

-Մասնագետների մի հոծ զանգված շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին համեմատում է հենց Ֆիշերի հետ:

-Իմ կարծիքով` Մագնուսն ավելի բարձրակարգ է, քանի որ, բացի շախմատից, նաև այլ բաներով է զբաղվում: Կարծում եմ` դա է պատճառը, որ Ֆիշերի նման հաստատ չի «գժվի»:

-Իսկ դու, բացի շախմատից, այլ հետաքրքրություններ ունե՞ս:

-Այո, իհարկե: Սպորտն և երաժշտությունն առանձնակի տեղ են զբաղեցնում իմ առօրյայում: Նաև մեծ ժամանակ եմ տրամադրում դասերին:

-Գիտեմ, որ սովորում ես Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Ինչպե՞ս ես համատեղում շախմատն ուսման հետ:

-Եթե անկեղծ, ապա ինստիտուտում բավականին լավ սովորում եմ և կարողանում եմ հասցնել շախմատին զուգահեռ:

-Եվ կասե՞ս, թե ինչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել առաջիկայում:

-Կմասնակցեմ Կարեն Ասրյանի հուշամրցաշարում, հետագա պլաններումս ունեմ նաև վրացական երկու մրցաշարերի` Բաթումի և Փոթիի մրցաշարերին մասնակցելու ցանկություն:

«Արմենպրես»լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ» խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր և ստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմադրիչներ, նկարիչներ, երաժիշտներ և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Հարցազույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում