Իրավունք

ԻԱԿ-ը դրական է գնահատում տեղեկատվության տրամադրման կարգի մասին Արդարադատության նախարարության մշակած նախագիծը

4 րոպեի ընթերցում

ԻԱԿ-ը դրական է գնահատում տեղեկատվության տրամադրման կարգի մասին Արդարադատության նախարարության մշակած նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 27-ին մասնակցել է «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի հանրային քննարկմանը: Այն կազմակերպվել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ քաղաքացիական հասարակությունն այս նախագծին սպասել է ավելի քան 12 տարի: «ՀՀ արդարադատության նախարարությունը 2014 թվականի սեպտեմբերին ձեռնամուխ եղավ այս նախագծի մշակմանը և ներառեց հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների 90 տոկոսը, ինչը ես դրական եմ գնահատում»,- ընդգծել է ՀԿ նախագահը:

ՀՀ ԱՆ կազմակերպական-իրավական վարչության Իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի բաժնի պետ Շուշանիկ Ղուկասյանն աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացրել է տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված, նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման, պահպանման կարգը, ինչպես նաև Նախարարություններում նախարարներին կից ստեղծվող հանրային խորհուրդների մասին նախագիծը: Նրա խոսքով, ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 31-ի թիվ 32 որոշմամբ բաց կառավարման գործընկերության շրջանակում նախատեսվել է տարանջատել ներկայում գործող կոլեգիաները և նախարարին կից խորհուրդները, ինչպես նաև պետք է ապահովվի խորհուրդների ձևավորման բաց, թափանցիկ ընթացակարգը:

«Այս նախագիծը միտված է նրան, որ բոլոր նախարարություններին կից անպայման ստեղծվեն հանրային խորհուրդներ, ինչի նպատակն է առաջարկներ և դիտողություններ ներկայացնել նախարարությունների բարեփոխումների, կատարած աշխատանքի, ինչպես նաև նախարարությունների կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, նախագծերի վերաբերյալ»,- ասել է նախարարության ներկայացուցիչը և ընդգծել, որ թե՛ ԶԼՄ-ները, թե՛ հասարակական կազմակերպությունները խորհրդում կներգրավվեն կախված իրենց գործունեության բնույթից:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծերը Արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության արդյունք են: Կառավարության գործունեության կարևորագույն ուղղություններից է կառավարության գործունեության թափանցիկության ապահովումը, իսկ ներկայացված հանրային խորհուրդների գործունեությանն առնչվող նախագիծը նպատակ ունի ապահովել նախարարությունների կողմից որոշումների ընդունման գործընթացում հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Նախարարի տեղակալը անդրադարձել է հանրամատչելի տեղեկատվության հրապարակմանը, էլեկտրոնային շտեմարանների ներդրման հարցերին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը տեղեկատվության ապահովման ոլորտի օրենսդրության կատարելագործման հարցերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում