Հատուկ նախագծեր

«Հաղթանակի գեներալները». Միքայել Պարսեղով

7 րոպեի ընթերցում

«Հաղթանակի գեներալները». Միքայել Պարսեղով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագա գեներալը ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում կավագործ Արտեմ Բարսեղյանի ընտանիքում: Վաղ տարիքում (12 տարեկան) կորցնելով ծնողներին` Միքայելը մեկնում է աշխատելու Միջին Ասիա:

Ծառայություն բանակում

1916 թվականին զորակոչվել է ռուսական բանակ: 1916-1917 թվականներին Միքայելը մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին Կովկասյան ռազմաճակատում` ծառայելով սկզբում զինվորի, ապա հրանոթի հրամանատարի կարգավիճակում: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի լուրը Միքայելը, հասակակիցներից շատերի նման, ընդունում է մեծ հրճվանքով: 1918 թվականին Պարսեղովը որպես կամավոր զինվորագրվում է Կարմիր բանակին, ինչպես նաև համալրում է Կոմունիստական կուսակցության շարքերը:

Կարմիր բանակում զինվորական ծառայությունը Պարսեղովն սկսել է Անդիժան ամրոցում որպես դասակի հրամանատարի օգնական: 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի նոյեմբերը Թուրքեստանյան ճակատում Միքայելը պատերազմել է ընդդեմ բասմաչների Անդիժանի, Կոկանդի, Նամանգանի և Սկոբելեվսկի (ներկայումս` Ֆերգանայի) շրջաններում: 1920 թվականի փետրվարից մինչև 1921 թվականի հուլիսը Բուխարայի ճակատում Պարսեղովը մասնակցել է Բուխարայի էմիրի հրոսակախմբերի ոչնչացման օպերացիային: Քաղաքացիական պատերազմը Միքայելն ավարտել է որպես հրետանային գումարտակի հրամանատար: Ըստ М. Жуковский, «Командармы Великой Отечественной» (М., 2005) գրքի:

1922 թվականին Միքայելն ավարտում է Տաշքենդի հրետանային դպրոցը, որից հետո մի շարք ռազմական պաշտոններ է զբաղեցնում Լենինգրադի ռազմական օկրուգում: 1930 թվականից ստանձնում է Մերձվոլգյան զինվորական օկրուգի հրետանային դիվիզիոնի հրամանատարի, իսկ 1931 թվականից` Անդրբայկալյան զինվորական օկրուգի 57-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու պետի պաշտոնները: 1936 թվականին Պարսեղովն ավարտում է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Ձեռք բերված խոր գիտելիքները, ճկուն միտքը և հրաշալի հիշողությունը` Միքայելին օգնում էին հրաշալի ղեկավարել 69-րդ ծանր հրետանային գնդի 19-րդ հրաձգային կորպուսը:

Խորհրդա-ֆիննական պատերազմ

Խորհրդա-ֆիննական պատերազմում լինելով ԽՍՀՄ 7-րդ բանակի հրետանու պետ` Միքայել Պարսեղովը ցուցաբերել է կազմակերպչական և խոշոր զորամիավորումներ ղեկավարելու գերազանց հմտություններ: Նրա ղեկավարած հրետանին աչքի է ընկնում Լիպոլոյի մոտ և Տրոնգսունդյան ուղղության մարտերում:

1940 թվականի մարտին հրետանային գերազանց նախապատրաստական աշխատանքներից հետո Կարմիր բանակը ճեղքեց «Մաներհեյմի գծի» պաշտպանական ամրությունները, և հրետանին անցավ վճռական հարձակման։ Մարտական առաջադրանքների կատարման, հրետանու հմուտ ղեկավարման և ցուցաբերած արիության համար 7-րդ բանակի հրամանատար Պարսեղովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում՝ պարգևատրելով Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 7-րդ բանակի հրետանու ավելի քան 20 մարտիկ ու հրամանատար արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։

Հայրենական մեծ պատերազմ

1940 թվականի հուլիսից Միքայելը Կարմիր բանակի հրետանու գլխավոր տեսուչն էր, իսկ 1941թվականի հունիսից նշանակվում է Կիևի հատուկ ռազմական օկրուգի հրետանու պետ:

Հայրենական մեծ պատերազմի սկզբում գեներալ-լեյտենանտ Պարսեղովը հանդիսանում էր Հարավ-արևմտյան ճակատի հրետանու պետի տեղակալը, իսկ 1941 թվականի դեկտեմբերի 24-ից` Հարավ-արևմտյան ուղղության հրետանու գլխավոր հրամանատարի տեղակալը: Գեներալ-լեյտենանտի ղեկավարած հրետանային գնդերը կարողացել էին մոտ երկու ամիս զսպել հակառակորդի առաջխաղացումը Կիևի ուղղությամբ: 1942 թվականի մարտից Պարսեղովը Հարավ-արևմտյան ռազմաճակատի հրետանու պետն էր, իսկ մինչև 1942 թվականի հուլիսը` 40-րդ բանակի հրամանատար։ Իր ղեկավարած բանակը պաշտպանական մարտեր է մղել Կուրսկի,Վալույկիի և Վորոնեժի համար։ Ըստ М. Жуковский, «Командармы Великой Отечественной» (М., 2005) գրքի:

«Աքսոր»

1942 թվականի ամռանը հակառակորդը հակահարձակման էր անցել Լիվնայի և Վոլչանսկի ուղղությամբ. այդ տարածքները գտնվում էին 40-րդ բանակի վերահսկողության ներքո: Վերմախտի զորամիավորումներն արագորեն առաջանում էին Վորոնեժի ուղղությամբ, բացի այդ թշնամուն հաջողվել էր շրջապատել 40-րդ բանակի զորամիավորումների մեծ մասը: ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեն 40-րդ բանակի անհաջողություններում մեղադրեց բանակի հրամանատար Միքայել Պարսեղովին:

1942 թվականի հուլիսի կեսերին Պարսեղովին հեռացնում են զբաղեցրած պաշտոնից և ուղարկում պահեստազոր: Որոշ ժամանակ անց նրան նշանակում են Հեռավորարևելյան զինվորական օկրուգի հրետանու պետի տեղակալ: Պարսեղովը զգալի ներդրում ունի միլիտարիստական Ճապոնիայի ջախջախման գործում։ 1945 թվականին զբաղեցնելով 2-րդ Հեռավորարևելյան ռազմաճակատի հրետանու պետի պաշտոնը` ղեկավարել է Մանջուրիայում ճապոնացիների դիրքերի ոչնչացումը, Խարբինի և չինական այլ քաղաքների, Սախալինի հարավային մասի և Կուրիլյան կղզիների ազատագրումը։

Հետպատերազմյան շրջան

Հետպատերազմյան շրջանում Միքայել Պարսեղովն եղել է Հեռավորարևելյան զինվորական օկրուգի հրետանու պետ, իսկ 1946 թվականի սեպտեմբերից`Լեհաստանում ԽՍՀՄ հյուսիսային խմբի զորքերի հրետանու հրամանատարի տեղակալ: 1948 թվականին Պարսեղովն ավարտել է Կ. Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան, որից հետո նշանակվել է Բելառուսի, իսկ 1954 թվականին` Լենինգրադի զինվորական օկրուգների հրետանու պետ:

1958 թվականին Միքայել Պարսեղովին շնորհվում է հրետանային զորքերի գեներալ-գնդապետի կոչում: 1961 թվականի օգոստոսից Մ. Կալինինի անվան հրետանու ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի պետն էր:

Միքայել Պարսեղովը մահացել է 1964 թվականի ապրիլի 26-ին Սանկտ Պետերբուրգում և թաղվել տեղի Բոգուսլավյան գերեզմանատանը։ Ըստ К. Мерецков, «Служить народу» (М., 1983) գրքի:

Պարգևները

Միքայել Պարսեղովը պարգևատրվել է Լենինի երեք, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ 1965 թվականին Միքայել Պարսեղովի պարգևները հանձնվել են Հրետանու, ինժեներական զորքերի և կապի կենտրոնական թանգարան։

ՊատրաստեցՀենրիխ Մարգարյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում