Իրավունք

Ոստիկանությունը ՀԱԷԿ-ի տարածքում զորավարժություն է անցկացրել

4 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը ՀԱԷԿ-ի տարածքում զորավարժություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամորում՝ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, մայիսի 13-ին անցկացվել է ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ:

Զորավարժության սցենարով նախատեսված է եղել հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողությունը:

Վարժանքին մասնակցել են ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ և ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության ծառայողներ:

Զորավարժությունը բաղկացած է եղել 2 փուլից: Ըստ սցենարի, 1-ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացրել է հակառակորդի խմբերի հայտնաբերման և վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ-ի հարակից տարածքում, 2-րդ փուլում վնասազերծվել է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը:

Վարժանքին մասնակցող ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացրել են, որ հայտնաբերել են հակառակորդին, որը փորձում է դուրս գալ շրջափակումից և մարտի մեջ է մտել մեր ստորաբաժանումների հետ:

Կորուստներ տալով՝ հակառակորդը բաժանվել է մանր խմբերի և փորձել մի քանի ուղղություններով դուրս գալ շրջափակումից:

Մի խումբը շարժվել է դեպի հյուսիս և մարտի բռնվել ՈԶ ստորաբաժանումների հետ: Հաջողվում է կենտրոնացված կրակի և ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով վնասազերծել խումբը:

Հակառակորդի 2-րդ խումբը վնասազերծելու նպատակով հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը մարտի մեջ է մտցրել պահեստազորը, որն ստորաբաժանումների և կրակի խուսավարման միջոցով շրջափակում ու վնասազերծում է հակառակորդին: Բայց դիվերսանտների մի փոքր խմբի հաջողվել է թափանցել ՀԱԷԿ-ի տարածք: Այդ պահից սկսվել է զորավարժության 2-րդ փուլը, և գործողության մեջ են մտնում ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները:

Մարտ է սկսվել պահակախմբի պահեստային խմբի և 2 դիվերսանտների միջև, որոնցից մեկը ոչնչացվել է, մյուսը` գերի վերցվել:

Դիվերսանտների այս գործողությունն ուշադրություն շեղելու նպատակ է ունեցել. այդ ընթացքում պահպանության պարագծի մեկ այլ տեղամասից օբյեկտ է թափանցում դիվերսիոն-հետախուզական 2-րդ խումբը:

Հայտնաբերելով հակառակորդին՝ որոնող խումբը կենտրոնացված կրակով ստիպել է նրան նահանջել: ԴՀԽ-ն դիրքավորվել է առանձին շինության մեջ:

Գումարտակի հրամանատարը որոշել է հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ԿՀԴՊ ԳՎ ՀՆՎ ձերբակալման խումբը, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը և վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը:

Այնուհետև ստորաբաժանումները զննություն են կատարել գործողության ողջ տարածքում՝ հակառակորդի խմբի հետախուզական և դիվերսիոն միջոցները հայտնաբերելու նպատակով: Զորավարժության ղեկավարի ազդականչով հայտարարվել է զորավարժության ավարտը:

Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել առաջադրված մարտավարամասնագիտական խնդիրների կատարման մակարդակը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով պարգևատրվել են զորավարժության ընթացքում մարտական և մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում