Իրավունք

Դատախազի որոշմամբ՝ Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին

3 րոպեի ընթերցում

Դատախազի որոշմամբ՝ Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ՝ Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 2014թ. հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ՝ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը ԱրայիկԵնոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են ապօրինաբար Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Կատարված հանցավոր արարքի համար 2015թ. մայիսի 7-ին քրեական գործով որոշում է կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավելու որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Գոհար Ենոքյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքին, մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, որպիսի հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, այնուամենայինվ հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:

2015թ. մայիսի 5-ին ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից (հիպերտոնիա):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում