Քաղաքականություն

Հայաստանը պետք է Կովկասի Սիլիկոնյան հովիտը դառնա. Ադամ Շիֆ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է Կովկասի Սիլիկոնյան հովիտը դառնա. Ադամ Շիֆ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական և ռազմական աջակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել Միացյալ Նահանգների կոնգրեսական, Հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆը։

«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարող են բազմաթիվ ուղղություններով զարգանալ, այդ թվում, կարող ենք շարունակել նախկինում իրականացվող ծրագրերը, ինչպիսիք էին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի, ԱՄՆ-ի արտաքին օգնության և ականազերծման ծրագրերը: Մենք նաև պետք է Ադրբեջանին հանգիստ չտանք և պետք է նրանց թույլ չտանք շփման գծում սադրանքների դիմել»,- ասել է Շիֆը։

Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականի կարծիքով, Հայաստանի բարձրագույն շահերից է բխում կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը և Հայաստանի պայծառ բնակչության համար՝ երկրի ներսում զբաղվածության ապահովումը։

«Ես ամենից շատ կցանկանայի, որ Հայաստանը դառնար Կովկասի Սիլիկոնյան հովիտը և գրավեր ամբողջ ինտելեկտուալ ներուժը, քանի որ ինտելեկտուալ կարողություններն անհնար է շրջափակման ենթարկել: Այսպիսով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար», - ասել է կոնգրեսականը։

Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող աջակցությանը՝ Շիֆն ընդգծել է, որ այն կշարունակվի, չնայած ամերիկյան բյուջեի կրճատումներին։ «Հայաստանը Կոնգրեսում շատ ամուր աջակցություն է վայելում», - ասել է նա։

Շիֆի խոսքով, հայկական սփյուռքը պետք է ակտիվորեն մասնակցի երկրի ապագայի կերտմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում