ՀԱԼԵՊ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին ռմբակոծությունից հիմնահատակ ավերվել է: «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ, որոնք պատկերում են շեն ու գեղեցիկ, պատմաճարտարապետական բացառիկ գործ հանդիսացող եկեղեցին ավերումից ու ռազմական գործողություններից առաջ: Լուսանկարները տրամադրել է շրջափակման ու ռազմական թեժ գործողությունների թիրախում հայտնված քաղաքում իր գործունեությունը շարունակող «Venus» լուսանկարչական ստուդիան:
Հալեպի Ջդեյդե (նախկինում` Սալիպե) թաղամասի Սբ Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին 15-րդ դարից մինչեւ այսօր Բերիո Թեմի առաջնորդանիստ եկեղեցին է եւ պատմականորեն առաջին անգամ հիշատակվել է 1476-ին: Անցյալում եղել է նաեւ կաթողիկոսանիստ եկեղեցի, որտեղ կատարվել են եպիսկոպոսական ու կաթողիկոսական ձեռնադրություններ եւ սրբալույս մյուռոնի օրհնություններ: Այն Հալեպում և սփյուռքում գործող ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է: Եկեղեցու զանգակատունը համարվում է Հալեպի ճարտարապետության եզակի նմուշներից:
Ավանդույթի համաձայն` Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու եւ նախկին Սբ Աստուածածին Եկեղեցու վայրը քրիստոնեական գերեզմանատուն է եղել`իր փոքրիկ մատուռով: