ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 28-ին հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Անն Իդալգոյին՝ ապրիլի 24-ին Ֆրանսիայի Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Երևան այցելելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել քաղաքապետ Իդալգոյին՝ Փարիզում հիշատակի բազմաթիվ միջոցառումների կազմակերպմանը աջակցելու, ապրիլի 24-ի երեկոյան ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարելու կարևոր որոշման, ոգեկոչման միջոցառումներին ներկա գտնվելու, քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը հյուրընկալելու համար։
Էդվարդ Նալբանդյանն ու Անն Իդալգոն անդրադարձել են քույր քաղաքներ Երևանի և Փարիզի համագործակցության հարցերին:
Հանդիպման ավարտին հայ-ֆրանսիական հարաբերությունների, Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման գործում նշանակալի ավանդի համար Անն Իդալգոն Էդվարդ Նալբանդյանին է հանձնել Փարիզի «Մեծ մեդալը»։