Հասարակական

Քարանձավային զբոսաշրջություն. չօգտագործվող մեծ պոտենցիալ

4 րոպեի ընթերցում

Քարանձավային զբոսաշրջություն. չօգտագործվող մեծ պոտենցիալ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարդաշյանների ընտանիքի այցից հետո և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ համաշխարհային պարբերականները, իրար հաջորդելով, հրապարակումներում ներկայացնում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրերը: Դրանց արդյունքում ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Սակայն գաղտնիք չէ, որ, բացի Գառնի-Գեղարդից և Նորավանքից, ունենք շատ ավելին, որը կհետաքրքրի ոչ միայն դասական զբոսաշրջության, այլ նաև՝ էքստրիմի սիրահարներին:

Վերջիններիս Հայաստանը ոչ միայն կարող է գրավել իր լեռներով և ժայռերով, այլ նաև մեծ թվով քարանձավներով, որոնց մեծամասնությունը տարիներ շարունակ մնում է անհայտ նույնիսկ հայաստանցիների համար: Հայաստանի ամենահայտնի 12 քարանձավներից մեկը՝ Արջերի քարանձավն, այնքան ցանկալի է էքստրիմի սիրահարների համար, որ պատրաստ են շրջանցել օրենքը և փորձել ներթափանցել` անտեսելով հանգամանքը, որ արդեն վեց տարի անվտանգության նկատառումներով քարանձավի մուտքը փակ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

Արջերի քարանձավը Վայոց Ձորի մարզում է՝ Նորավանքի վանքային համալիրի մոտ: Քարանձավ հնարավոր է հասնել միայն ոտքով` Նորավանքից 30 րոպե քայլելով, խիստ լեռնային պայմաններում և նեղ արահետներով: Կորալանման ստալագնիտային քարանձավն ունի ընդհանուր առմամբ 3,5 կմ երկարություն, որտեղ կան հսկայական դահլիճներ, ստորգետնյա լիճ և քարանձավային գետեր:

«Վեց տարի և ավելի քարանձավի մուտքը ցանկապատված է` պոտենցիալ այցելուների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև քարանձավում դեռ խորը չուսումնասիրված մշակութային շերտը պահպանելու նկատառումներով: Քարանձավը դեռ չի ենթարկվել խորն ուսումնասիրման, ընդամենը ժամանակ առ ժամանակ անհատ գիտնականներ գալիս են այստեղ` կատարելու իրենց ուսումնասիրությունները», - ասաց Վլադիմիր Պողոսյանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենն օրեր առաջ տեղեկացել է, որ ֆեյսբուքում մի զբոսաշրջային կազմակերպություն գումար է հավաքագրում, որպեսզի մարդկանց ուղղորդի այդ հուշարձան: Գերատեսչության աշխատակիցները ստիպված ոստիկանության օժանդակությամբ կանխել են էքստրիմի սիրահարների ապօրինի և վտանգներով լի ներթափանցումը Արջերի քարանձավ:

«Այնտեղ կան հնագիտական շերտեր: Մինչև չուսումնասիրվեն և համապատասխան մասնագետների եզրակացություն չներկայացնեն, խոսք չի կարող գնալ զբասածրջային արահետների ստեղծման մասին: Արջերի քարանձավում տուրիստական ենթակառուցվածքի ստեղծումը կարող է ապահովել զբոսաշրջիկների հոսք ոչ միայն այստեղ, այլ նաև ընդհանուր առմամբ Արփի բնապահպանական արգելոց և հարակից վայրեր», - համոզված է Վլադիմիր Պողոսյանը:

Նա հավելեց, որ այն բավականին լուրջ ծրագիր է, առաջին փուլը, որն ընդգրկում է քարանձավի ամբողջական ուսումնասիրությունը, գնահատվում է մոտ 82 միլիոն դրամ: Իսկ ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների առջև քարանձավի արհեստականորեն փակված դռները բացելու համար անհրաժեշտ է մոտ 205-246 միլիոն դրամ, որը խոստանում է արագ հետ բերել ներդրումները:

Անահիտ Մինասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում