Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը (GRECO): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել եվրոպական կառույցի հետ երկխոսությունն ու անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Այդ համատեքստում նա կարևորել է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով իրականացվող միջոցառումները:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի, կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի հիման վրա ներկայում մշակվող ռազմավարության ուղղությունների, հանրային ծառայության մարմինների արդյունավետության բարձրացման ու բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են ՀՀ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցերին և առավել անկախ ու արդյունավետ դատական համակարգ ունենալուն միտված բարեփոխումներին:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին և նշել, որ այս փոփոխությունների գլխավոր նպատակներից մեկը լինելու է մարդու իրավունքների ապահովման ու երաշխավորման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը:

Հանդիպման ավարտին նախարարն իր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հետ աշխատանքները շարունակելու և համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակության անդամները ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնել Հովհաննես Մանուկյանին ընդունելության համար՝ հավաստելով նախարարության հետ հետագա փոխգործակցության պատրաստակամությունը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին