Տնտեսություն

Գործարարները Տավուշի 5 սահմանամերձ գյուղերում բիզնես սկսելու պատրաստակամություն են հայտնել

4 րոպեի ընթերցում

Գործարարները Տավուշի 5 սահմանամերձ գյուղերում բիզնես սկսելու պատրաստակամություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության արդյունքում արձանագրված դրական ձեռքբերումները:

Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Վազգեն Սաֆարյանը Կառավարության գործունեության դրական ձեռքբերում համարեց արդյունաբերական քաղաքականության նկատմամբ դրական մոտեցման ցուցաբերումը: «Անցյալ տարի 22 տնտեսավարող սուբյեկտի տրվել է 1 միլիարդ 392 միլիոն դրամի վարկ, որից 69.5 միլիոն դրամը սուբսիդավորվել է որպես փոխհատուցում: Մենք գտնում ենք, որ այս գործընթացը պետք է էլ ավելի զարգանա, և կառավարությունն ավելացնի սուբսիդավորման ծավալները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց Սաֆարյանը:

Հանրային խորհրդի անդամը դրական է գնահատում սահմանամերձ գյուղերին տրվող հարկային արտոնությունները, որոնք, ըստ էության, կարող են աշխատել ազատ տնտեսական գոտիների տարբերակով: «Կառավարության կողմից դրական քայլ է նաև սահմանամերձ գյուղերի համար կոմունալ վճարների զեղջումը: Սահանամերձ գյուղերին տրվող արտոնությունների առաջին ազդակներն արդեն իսկ ստացվել են: Տավուշի մարզի 5 գյուղերում որոշ գործարարներ պատրաստակամություն են հայտնել տնտեսական գործառույթներ իրականացնել»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:

Նա դրական ձեռքբերում է համարում նաև այն հանգամանքը, որ ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: «Ես էլ այդ հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, և կարող եմ ասել, որ այստեղ նույնպես արդյունաբերական քաղաքականությունը, արտահանման խթանման քաղաքականությունը լինելու են առաջնահերթ ուղղություններ, և մենք պետք է պայքարենք, որ այս հիմնադրամում արդյունաբերությունը որպես գերակա ուղղություն ավելի նպաստավոր դիրքում լինի, և կարողանանք մեծացնել արտահանումը»,- ասաց Սաֆարյանը:

Սաֆարյանն ընդգծեց, որ անցած տարի Հայաստանում արդյունաբերությունը դրական աճի միտում է արձանագրել՝ շեշտելով, որ հաջողվել է ունենալ 1 տրիլիոն 288 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը նախորդ տարվա համեմատ զգալի աճ էր: Նա նկատեց, ար անցյալ տարի տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ 3.9 տոկոս էր: «Սրանք ցուցանիշներ են, որ կարելի է ասել բաժին էին հասել նախորդ կառավարությունից, իսկ ներկայիս կառավարությունը կարողացավ արդյունավետորեն շարունակել նախորդի պլանավորած միջոցառումները: Հաշվի առնելով հոկտեմբերից Ռուսաստանում սկսված ճգնաժամը, մենք կարող ենք ասել, որ տնտեսական ակտիվության այդ 3.9 տոկոս ցուցանիշը բավականին լուրջ է»,- նշեց նա:

Անցած տարի Հայաստանում շինարարությունը հատել է 433 միլիարդ դրամի սահմանը: Վազդեն Սաֆարյանը համեմատական տարավ 2008թ. հետ՝ ընդգծելով, որ շինարարության ծավալների կրկնակի կորուստ է նկատվում: «Սա պետք է գնահատել որպես ոչ դրական միտում, և շինարարությունը զարգացնելու հեռանկարները մեզանում պետք է ավելի տեսանելի լինեն»,- ասաց նա:

Հանրային խորհրդի անդամը ցավով է նշում, որ կառավարությունն առայժմ չի կարողացել ներդրող գտնել «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու համար: Նրա կարծիքով, սակայն, Հայաստանի ներքին ռեսուրսներն էլ բավական են «Նաիրիտ»-ում ներդրումներ անելու և այն վերագործարկելու համար: Նա նշեց, որ հարկավոր են 55 միլիոն դոլարի չափ ներդրումներ, որից հետո ՝ 1.5 տարվա ընթացքում, հնարավոր կլինի գործարանը վերագործարկել, որը կարող է աշխատել նաև իրանական գազով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում