Իրավունք

ԼՂՀ դատավորի թեկնածուները մասնագիտական դասընթացի կմասնակցեն Արդարադատության ակադեմիայում

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ դատավորի թեկնածուները մասնագիտական դասընթացի կմասնակցեն Արդարադատության ակադեմիայում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից, այցի շրջանակում նախատեսվում է Արդարադատության ակադեմիայի և ԼՂՀ դատաիրավական համակարգի միջև կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերով համագործակցության իրականացման խնդիրների քննարկումը, ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի և ԼՂՀ դատախազության հետ փոխըմբռման հուշագրերի ստորագրումը:

Վաղ առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց, հարգանքի տուրք մատուցել ազատամարտում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին:

Աշխատանքային այցը մեկնարկել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ հանդիպումով: Ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նախարարինէ ներկայացրել Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների պատրաստման, դատավորների ու դատախազների, ինչպես նաև դատական ու դատախազության համակարգերի աշխատողների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Ռուբեն Մելիքյանը նշել է, որ 2015 թվականին Ակադեմիայի ունկնդիրների թվում են դատախազի 5 թեկնածու Արցախից, ովքեր ուսումնառությունը հաջողությամբ ավարտելուց հետո համալրելու են ԼՂՀ դատախազական համակարգը: Նախատեսվում է սույն թվականի աշնանը Արդարադատության ակադեմիայում նաև ԼՂՀ դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստում իրականացնել:

ԼՂՀ արդարադատության նախարարը կարևորել է ԼՂՀ դատավորների և դատախազների որակյալ մասնագիտական պատրաստման և վերապատրաստման հարցերը, ինչը, նախարարի համոզմամբ, Արդարադատության ակադեմիան կապահովի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում