Իրավունք

ՀՀ արդարադատության փոխնախարարը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը

3 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության փոխնախարարը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյաննապրիլի 8-ին լրագրողներին ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ կառավարության մշակած օրենքի նախագիծը: «Օրենքի նախագծով նախատեսվում է հասարակական կազմակերպությունների լիազորությունների ընդլայնում, քաղաքացիական և իրավաբանական անձանց միավորման հնարավորություն: ՀԿ-ներին իրավունք է վերապահվելուինքնուրույն ընտրություն կատարել իրենց կազմակերպության կառավարման մոդելի վերաբերյալ: ՀԿ-ները օրենքի նոր կարգավորումներով պետք է ներկայացնեն երկու տիպի հաշվետվություն. եթե տվյալ հասարակական կազմակերպությունը ֆինանսավորվում է իր միջոցներով, ապա այն պարտավոր է հաշվետվություն ներկայացնել իր անդամներին, իսկ պետական կամ համայնքային միջոցների ներգրավման դեպքում` նաև պետական մարմիններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց նա և հավելեց, որ վերը նշված օրենքի նախագծով ՀԿ-ներին թույլատրվում է ներգրավել կամավորների, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև բնապահպանական և մշակութային հարցերով դիմել դատարան:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշեց, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը համահունչ է եվրոպական չափանիշներին: «Շահագրգիռ կողմերի միջև կազմակերպված մի շարք քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկություններն իրենց արտացոլումը գտան օրենքի նախագծի վերջնական տարբերակում»,- նկատեց նա:

Վերը նշված օրենքի նախագծի մշակումն իրականացվել է Բրիտանական խորհրդի գործընկերների` Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, «Գրանթ Թորնթոն»-ի և «Թոմսոն» հիմնադրամի հետ: Մշակման աշխատանքների բյուջեն կազմել է 949 հազար 670 եվրո:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական Միությանը մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը` ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում