Սփյուռք

Հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի հայ ճեմարանականների վրա

2 րոպեի ընթերցում

Հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի հայ ճեմարանականների վրա

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայկական ճեմարանի սաները մենաստան գնալու ճանապարհին հարձակման են ենթարկվել հրեա մի խումբ ծայրահեղական երիտասարդների կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «The Times of Israel» պարբերականի բլոգում այս մասին հայտնում է Երուսաղեմում հաստատված հայազգի գրող Ապո Սահակյանը: Նա հայտնում է, որ ոստիկանությունը չի ցանկացել անգամ լսել միջադեպի մասին: «Նրանք չեն ցանկանում լսել փաստը, որ Իսրայելում միշտ չէ, որ սադրիչները հրեաներ չեն: Երուսաղեմի հին քաղաքում սադրիչները մեծ մասամբ հրեաներն են։ Առնվազն 20 ոստիկան ապօրինաբար մտել են ճեմարան՝ ձերբակալելու երկու ուսանողներին, որոնց մեղադրել են իրենց վրա հարձակվածներից մեկի աչքին հարվածելու համար»,- գրում է Սահակյանը:

Նրա խոսքով՝ նման միջադեպերը սովորական բնույթ են կրում Երուսաղեմում ապրողների համար: Հեղինակը հիշում է, որ մեկ տարի առաջ իր աչքի առաջ մի հրեա պատանի թքել է հայ քահանայի վրա: Չնայած հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի բողոքներին, տեղի իշախնություններն անտարբերություն են դրսևորում նման փաստերի նկատմամբ:

Մի քանի տարի առաջ հայկական թաղամասի պատերից մեկի վրա գրառում է արվել, որում ասվում էր. «Մահ հայերին և արաբներին»: Միջադեպը մեծ արձագանք չստացաավ, քանի որ գրառումն անմիջապես մաքրվեց: Սակայն իշխանությունները աչք են փակում երիտասարդ ծայրահեղականների այս միտումների վրա:

Նման միջադեպերը մտահոգության տեղիք են տալիս Հին քաղաքի հայկական համայնքի անդամներին, որն իր գործողություններով երբեք չի անհանգստացրել պետությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում