Հայ և շվեյցարացի ոստիկանները կհամագործակցեն համակարգում կառավարման արդյունավետության բարձրացման ոլորտում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանի գլխավորությամբ 2015թ. մարտի 16-ից 19-ը Շվեյցարիայի Համադաշնությունում էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մարտի 16-ին ոստիկանության պատվիրակությունը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի գրասենյակում հանդիպել է կենտրոնի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի հետ:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014թ. ՀՀ ոստիկանության և ԶՈՒԺՎ Ժնևի կենտրոնի միջև ստորագրված տարեկան համագործակցության ծրագրով կատարված աշխատանքները: Գոհունակությամբ նշելով արձանագրված արդյունքները` կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀՀ ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունների զարգացմանը, իրավագիտակցության, ոստիկանության համակարգում կառավարման արդյունավետության բարձրացմանը, ՀՀ ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը:
Հանդիպման ավարտին ստորագրվել է 2015թ. Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև տարեկան համագործակցության ծրագիրը:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցը Շվեյցարիայի Համադաշնություն կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ: