Նուբարաշենում կատարված սպանության գործով երեք անձ է հետախուզվում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Քաղաքացիներին կոչ է արվում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում մարտի 4-ին հնչած կրակոցների հետեւանքով մահացել է երեք անձ՝ Թադեւոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լեւոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց ապանություն) եւ 235-րդ հոդվածով(ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):