Քաղաքականություն

Ցեղասպանության հռչակագրում արտահայտված են հայության բոլոր շերտերի ցանկությունները. ՀՀ ԱԳ փոխնախարար

4 րոպեի ընթերցում

Ցեղասպանության հռչակագրում արտահայտված են հայության բոլոր շերտերի ցանկությունները. ՀՀ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Համահայկական հռչակագրում արտահայտված են հայության բոլոր շերտերի ցանկությունները, պատկերացումները և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ հռչակագրով ՀՀ արտաքին հարաբերությունների օրակարգում արմատական փոփոխություններ են կատարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՟ Շավարշ Քոչարյանը Դիվանագետի օրվա առթիվ «Ժամը» լրատվական ծրագրին տված հարցազրույցում անդրադարձել է հռչակագի մանրամասներին: Պատասխանելով հռչակարգի հիմքում պահանջատիրությունը դնելու հարցին` Քոչարյանը նշել է.

«Ի՞նչ ենք հասկանում մենք դրա տակ: Նայած ի՞նչ ենք հասկանում: Որ ցանկացած անհատ, ցանկացած սփյուռքահայ իրավունք ունի փոխհատուցում պահանջելու, և դա նոր գործընթաց չէ...

Դա Համընդհանուր հայկական հռչակագիրն է, որտեղ արտահայտված է հայության բոլոր շերտերի ցանկությունները, պատկերացումները: Բնական է` հիմնական ձողի շուրջ` Ցեղասպանության ճանաչում, ժխտողականության դեմ պայքար, և բնական է, որ այդտեղ Սփյուռքն ունի իր արդարացի պահանջները, Հայաստանն ունի իր օրակարգը: Այնպես որ ես չէի ասի, որ ինքնին Համահայկական հռչակագիրն ինչ-որ կտրուկ փոփոխություն է կատարել: Դա այդպես չէ: Այն, ինչ որ մեր արտաքին հարաբերությունների օրակարգում է այսօր` կապված Թուրքիայի հետ, միանշանակ արտահայտված է այն արձանագրություններում, որոնք ստորագրել է ՀՀ Նախագահը, ոչ ավել, ոչ պակաս: Երբ այդ արձանագրությունները կյանքի կոչվեն, դա կլինի մեր արտաքին հարաբերություն...»:

Հարցին, թե առաջին նախագահն ասում է, որ այդ Համահայկական հռչակագրով մենք կկորցնենք մեր վստահությունը, համակրանքը նույնիսկ մեր իսկ գործընկերների շրջանում, նրանց մոտ, որոնք մեզ վստահում են, Քոչարյանը պատասխանել է. «Գիտե՞ք ինչ, մարդիկ կան, որ միայն Սևրի դաշնագրի հիշատակումից սարսափի մեջ են ընկնում: Չեմ հասկանում` ինչու: Չէ որ այդ համահայկական հռչակագրում գրված չէ, որ Հայաստանի պետությունը հետամուտ է լինելու այն սահմաններին, որոնք այնտեղ են նշված: Արժևորում է: Բա ո՞նց կարող է չարժևորել: Չէ որ հայերի համար, հայության համար դա կարևորագույն իրադարձություն է ճիշտ այնպես, ինչպես Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Արժևորել մի բան է, այլ բան է ֆիքսել, որ դու, համաձայն Վուդրո Վիլսոնի այդ սահմանների, հետամուտ ես լինում...»:

Լրագրողի դիտարկմանը՟ այսինքն հայկական դիվանագիտությունն այսօր «Ծովից ծով Հայաստանի» գործը կպցնելու խնդիր չունի, ինչպես հասկանում ենք, փոխարտգործնախարարն ընդգծել է. «Մարդիկ կան, որոնք ամեն բառի տակ «Ծովից ծով» են փնտրում: Իրականում դա այդպես չէ: ՀՀ արտաքին հարաբերությունները շատ ազնիվ են ու թափանցիկ: Մենք երբեք մի բան չենք ասում, մտքում ուրիշ բան պահում: Մենք երբեք, մեր դաշնակիցների հետ խոսելիս, չենք բողոքում երրորդների մասին, և հակառակը` երրորդների հետ շփվելիս չենք բողոքում մեր դաշնակիցներից: Վերջիվերջո, գիտե՞ք ինչ: Եթե խոսք գնաց մեր նվաճումների մասին, մի, հնարավոր է, տասներորդական բան ասեմ, բայց, որը չափազանց կարևոր է: Ժամանակին Վիկիլիքսը շատ բան գաղտնազերծեց, և չկա Վիկիլիքսում որևէ հիշատակում Հայաստանի դիվանագիտության մասին, որի համար մենք ամաչենք: Վիկիլիքսը հենց ցույց տվեց, որ մենք եղել ենք ազնիվ մեր բոլոր գործընկերների նկատմամբ: Ի տարբերություն, ասենք հարևան Ադրբեջանի, որը ռուսների հետ հանդիպելիս բողոքում էր Ամերիկայից և Թուրքիայից, թուրքերին բողոքում էր Ռուսաստանից, և այսպես անվերջ: Այսինքն` ես կարծում եմ, որ դիվանագիտության, արտաքին հարաբերությունների ցանկացած հաջողության հիմքում ազնիվ լինելն է բոլորի հետ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում