ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում փետրվարի 27-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության «Նազարբեկ» Երիտասարդական Միության նախաձեռնությամբ կազմակերպվել է Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ցուցադրվել է «Ծիր Կաթին» ստուդիայի «Սումգայիթ. անպատիժ ոճրագործություն» ֆիլմը, ինչից հետո խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Նա ընթերցել է Սումգայիթի ջարդերը վերապրածների վկայությունները, որոնք հրապարակվել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, «Բժիշկներ առանց սահմանների» և «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունների համահիմնադիր Բերնար Քուշների «Սումգայիթյան ողբերգությունը» գրքում, հիշեցրել Սումգայիթյան ջարդերի կանխամտածված և ծրագրավորված լինելու հանգամանքը:
Զուգահեռներ են անցկացվել Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի ջարդերի միջև, անդրադարձ է կատարվել նաև Արցախյան շարժմանը, դրա պատմությանն ու ազատագրական պայքարի արդի փուլին։
Միջոցառմանը ներկա են եղել տեղի հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ: