Լյուդմիլա Սարգսյանը մասնակիորեն «բացեց» Լևոն Տեր-Պետրոսյանի «կոդերը»

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այն կարծիքին է, որ Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի «կոդավորված» ելույթը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր իրենց վրա են վերցրել դա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նաև մի քանի անուններ նշեց, որոնք շրջանառվում են համացանցում: «Համացանցում արդեն իսկ անուններ շրջանառվում են, թե ում նկատի ուներ Տեր-Պետրոսյանը: Շրջանառվում են Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի և այլոց անունները: Սակայն ես ասում եմ, որ դա վերաբերում էր բոլոր նրանց, ովքեր իրենց վրա են վերցրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ո՞ւմ է նկատի ունեցել Տեր-Պետրոսյանը՝ անելով «Պուտինի հրաժարականը կրծքի տակ» արտահայտությունը, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Բոլոր նրանց, ովքեր համարում են, որ Պուտինը մեղավոր է մեր երկրում առկա դժվարությունների համար»:

Դիտարկմանը, թե առաջին նախագահն իր խոսքում հստակեցրել է, որ միասնական ընդդիմություն ստեղծել կամ ընդդիմափոխություն իրականացնել ցանկացող բոլոր այդ ուժերը ուղղորդվում են մի կետից, պատգամավորն այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած` ես այդ հարցի շուրջ չեմ կենտրոնացել, քանի որ իմ անձնական կարծիքն ունեմ տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ: Չեմ կարող ասել նաև, որ ուղղորդվում են մեկ կենտրոնից կամ անկախ են, բայց այն, որ կյանքը ցույց կտա, թե նրանցից յուրաքնչյուրն ինչ է մտածում և ինչ նպատակներ ունի և ինչի է ունակ, դա հստակ է: Առաջին նախագահը հայտարարեց նաև մարտի 3-15-ն Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկանցելու իրավունքը նրանց փոխանցելու մասին: Թող հերթով անցկացնեն, կտեսնենք ով ինչի է ընդունակ և որքան կարող է պայքարել, կտեսնենք, թե ում մոտ ինչ է ստացվում: Թող անգամ միասնական հանրահավաքներ անցկացնեն: Եթե դա հաջողվի, ես դրա համար միայն ուրախ կլինեմ»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ եթե այդ ուժերը ունակ են համախմբման, գուցե ինչ-որ բան ստացվի, իսկ առայժմ ոչինչ ասել չի կարող:

Միևնույն ժամանակ, պատգամավորը նկատեց, որ եթե այդ ուժերն, այնուամենայնիվ չկարողանան միավորվել, դա կնշանակի, որ ունակ չեն միասնական շարժում ձևավորելու և արմատական ընդդիմության տեղը զբաղեցնելու համար: «Դա կնշանակի նաև, որ նրանք իրավունք չունեն հավասարության նշան դնելու իրենց և առաջին նախագահի միջև»,- հավելեց Սարգսյանը:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ իր ելույթում Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին չանդրադարձավ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ նա Գագիկ Ծառուկյանի հետ կապված ասելիք չի ունեցել: «Կարծում եմ՝ այդ առումով որևէ ասելիք չկար: Իսկ ասելիք կլինի, երբ որ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեն: Մենք կարող ենք ենթադրել, բայց մենք չենք կարող շտապել ու սխալվել և ասել, թե ինչ է տեղի ունեցել իրականում»,- եզրափակեց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում խոսեց նոր միասնական ընդդիմության մասին, որը Հայստանում ցանկանում է իրականացնել ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն: Նա հարկ համարեց նաև «գաղտնազերծել» վերը նշված նոր միասնական ընդդիմության «կոդավորված ռազմավարական պլանը»: «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26 … կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի»,- ընդդիմադիր այլ առաջնորդներին «բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարներ» որակելով՝ եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հայերեն