Իրավունք

Հովհաննես Մանուկյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են քրեակատարողական ոլորտում իրականացվելիք բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Մանուկյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են քրեակատարողական ոլորտում իրականացվելիք բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր` փետրվարի 25-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական փոխգործակցությունը` հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերն ի նպաստ կդրվեն երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու գործին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերային դինամիկ հարաբերությունները և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է Արդարադատության նախարարության հետ համատեղ իրավական ոլորտում շարունակական ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են քրեական արդարադատության և քրեակատարողական ոլորտներում իրականացվելիք բարեփոխումներին, իրավական ակտերի մշակման հմտությունների հետագա ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող գործողություններին վերաբերող հարցեր:

Կարևորելով Միացյալ Նահանգների փորձը պրոբացիայի ոլորտում՝ կողմերը քննարկել են փորձի ուսումնասիրության հնարավորությունները և Հայաստանում ստեղծվելիք համանուն ծառայության կարողությունների ամրապնդման խնդիրները: Հանդիպման ավարտին դեսպանը հատուկ ընդգծել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի մշակման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության ջանքերը, ինչը կարևոր է քաղաքացիական հասարակության զարգացման համար համապատասխան երաշխիքներ ու հստակ մեխանիզմներ նախատեսող իրավական ակտ ունենալու տեսակետից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում