Քաղաքականություն

Թուրքիան «Մուսուլման եղբայրներին» 1 մլն դոլար է վճարել Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը ոչնչացնելու համար

2 րոպեի ընթերցում

Թուրքիան «Մուսուլման եղբայրներին» 1 մլն   դոլար է վճարել Հայոց ցեղասպանության մասին  փաստաթղթերը ոչնչացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ավելի քան մեկ միլիոն դոլար է վճարել «Մուսուլման եղբայրներ» շարժմանը` Եգիպտոսի ինստիտուտում պահվող, Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող փաստաթղթերը վերացնելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber կայքը, Եգիպտոսի կառավարության նիստում հայտարարել է այդ երկրի «Ջիհաթ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը:

Բացի այդ, Նաիմը տեղեկացրել է, որ ինստիտուտը հրդեհելու միջոցով Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերացման գործում անմիջական մասնակցություն են ունեցել Եգիպտոսում իսլամական հեղափոխության փորձ կատարած «Մուսուլման եղբայրներ» շարժման որոշ անդամներ: Նաիմը հայտարարել է, որ «նման քայլի համար Եգիպտոսը պետք է պատժի Թուրքիային»:

Եգիպտոսի ինստիտուտի այրված արխիվներում Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ փաստաթղթեր պահվելու մասին ավելի վաղ հայտնել էր Կահիրեում հրապարակվող «Վետո» թերթը: Թերթը հայտնել էր, որ այդ փաստաթղերը «կարող էին Թուրքիային դժվար կացության մեջ դնել միջազգային դատարանում»:

2011 թվականի հունվարին, Եգիպտոսի նախկին Նախագահ Հուսնի Մուբարաքի դեմ Կահիրեի Թահրիր հրապարակում «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմից սկսված ցույցերի պատճառով ստեղծված քաոսի պայմաններում այրվեցին մի շարք պետական հաստատություններ, այդ թվում` Եգիպտոսի ինստիտուտը, որտեղ պահվում էին Միջին Ասիայի եւ Միջերկրական ծովի ափամերձ երկրներին վերաբերվող պատմական փաստաթղթեր: Ինստիտուտը, որտեղ պահվում էին Հայոց ցեղասպանության իրողությունը փաստող փաստաթղթեր եւս, հրկիզվել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին, ինչի հետեւանքով այդտեղ պահվող արխիվային փաստաթղթերի մեծ մասը ոչնչացվել էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում