Կրտսեր Ջուլֆալակյանը` օլիմպիական ոսկու, մարզական լրագրողի իր մասնագիտության և Բաքվի խաղերի մասին
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզիկների մարզական կյանքը երկար չէ, և երիտասարդ շրջանի հաջողություններից հետո, երբեմն դժվար է լինում գտնել մի երկրորդ մասնակգիտություն, որը կարող է դառնալ նաև սիրելի աշխատանք: Ըմբշամարտի գծով Հայաստանի չեմպիոն Արամ Ջուլֆալակյանը մարզական կարիերայի ավարտից հետո իրեն տեսնում է մարզական լրագրության մեջ:

«Արմենպրես»-ը Հայաստանի չեմպիոնի հետ խոսեց Հայաստանի առաջնության, Բաքվի Եվրոպական խաղերի և ըմբշամարտում Ջուլֆալակյան ընտանիքի հաջողությունների մասին:
-Հայաստանի առաջնությունն արդեն պատմության մի մասնիկն է, հիմա, երբ լարվածությունն անցել է, և Հայաստանի չեմպիոն ես, ինչպե՞ս ես գնահատում` ի՞նչը չէր ստացվում նախորդ տարիներին, և ի՞նչն էր, որ ստացվեց այս տարի:
-Ամեն տարի նպատակս հաղթելն է եղել, բայց միշտ ինչ-որ բան պակասել է: Տարբեր սխալների պատճառով: Այս տարի հաջողվեց բոլոր սխալները շտկել և վերջապես հաղթել:
-Առաջնության ժամանակ մոլի երկրպագուի պես միշտ կողքդ էր եղբայրդ, դա իր դերը խաղա՞ց:
-Բնականաբար: Բայց ասեմ նաև, որ եղբայրս միշտ է կողքս: Եթե, իհարկե, մարզական այլ միջոցառումների չի մասնակցում: Օգնում է ամեն հարցում, իսկ հայրս անգամ երբ դահլիճում է, միշտ չէ, որ կողքս է, քանի որ նա բոլորի մարզիչն է: Նա ավելի մոլի երկրպագու է, քան ուրիշները, քանի որ ինքն ավելի ծանր է տանում, երբ իր հարազատն է գորգին:

-Արամ, Վանաձորում կայացած առաջնությունում չկար անցած տարվա չեմպիոնը` Միհրան Հարությունյանը: Կարծես վատառողջ էր…
-Չստացվի այնպես, որ նա իմ հակառակորդն է, և այդ պատճառով եմ իր մասին խոսում, պարզապես, եղած տվյալների համաձայն, ինքը ոչ թե վատառողջ էր, այլ, ինչպես ասում են, չկարողացավ կանգնել իր քաշին: Դա մեծ խնդիր է` անկախ նրանից Հայաստանի առաջնություն կլինի, թե միջագային մրցում: Ես շատ կայքերում կարդացի, որ Միհրանը տարբերվում է մյուս մարզիկներից, բայց կասեի, որ նա ոչ մի բանով չի տարբերվում: Պարզապես նա Հայաստանի չեմպիոնն էր: Շատ կան Հայաստանի չեմպիոն մարզիկներ, և չի կարելի բացառություն անել: Ինչո՞վ է տարբերվում մյուսներից, եթե նույն կերպ մասնակցում է Հայաստանի առաջնությանը, աշխարհի չեմպիոն չի եղել, Եվրոպայի մեծահասակերի չեմպիոն չի եղել: Նա այլ դեպք չէ:
-Իսկ չե՞ս կարծում, որ նա հավաքականին կկարողանա օգնել:
-Ամեն քաշային կարգում կան լավ ըմբիշներ, ովքեր օգնում են միմյանց: Ես իր կարիքը չեմ զգում հավաքականում: Լինելով նաև հակառակորդներ` մենք հիմնականում միասին չենք էլ մարզվում:
-Ըմբշամարտը Ջուլֆալակյանների մոտ «ընտանեկան բիզնես»-ի է վերածվել: Ո՞րն է այդ հաջողության գաղտնիքը:
-Հաջողությունը գուցե կապված է մի քանի հանգամանքի հետ: Բնական է, որ հիմքը դրել է հայրիկը, բաց պարտադիր չէր, որ մենք շարունակեինք իր գործը: Թե ես, թե Արսենն ունենք մեր երկրորդ կրթությունը: Ես ավարտել եմ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: Իսկ հաջողությունը կապում եմ մարզվածության, միշտ մարզավիճակի մեջ լիենլու հետ: Իր խոսքն ունի նաև ընտանեկան կարգապահությունը և պահանջկոտությունը: Առանց դրանց հաջողությունների չես հասնի: Իհարկե, կա պատասխանատվություն, քանի որ հայրս մեծ հաջողությունների է հասել, նաև եղբայրս: Բնական է, որ ես էլ ձգտում եմ ավելիին: Ես ինձ պարտավորված եմ զգում:

-Իսկ ինչո՞ւ հենց ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:
-Ես ավարտել եմ նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության մասգիստրատուրան: Եթե ստացվի, մտածում եմ հետագայում նաև մարզական լրագրող դառնալ: Այն ինձ հոգեհարազատ է:
-Այս տարի մարզական տեսանկյունից ավելի բարդ է և դժվար: Հաջորդ տարի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերն են Ռիոյում: Որո՞նք են լինելու այն հիմնական մրցաշարերը, որ առաջնային ես համարում:
-Բնական է, որ հիմնականում կենտրոնանալու ենք աշխարհի առաջնության վրա, որը լինելու է ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում: Այն վարկանիշային է բոլոր քաշային կարգերում: Որքան շատ օլիմպիական ուղեգրեր նվաճենք, այնքան լավ: Ակնկալիքներս էլ շատ են, առավել ևս, որ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո փորձելու եմ հաջողություններս կրկնել նաև աշխարհի առաջնությունում:
-Բոլորիս ուշադրության կենտրոնում նաև Բաքվի Եվրոպական խաղերն են: Դու պատրա՞ստ ես մասնակցելու այդ խաղերին, եթե որոշվի, որ պետք է մասնակցել:
-Ես անձամբ չեմ եղել Բաքվում, բայց մեր թիմը մասնակցել է այնտեղ անցկացված մրցաշարերին: Եվ մարզիկների տպավորություններն էլ շատ վատ էին: Հիմա, հասկանալով, թե ինչ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ քաղաքական տեսանկյունից, կարծում եմ, այնտեղ մեր գնալը սխալ կլինի, անիմաստ է հաղթելու ինչ-որ փորձ կատարել: Էլ չեմ ասում, որ շատ ավելի լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ, եթե գնանք: Ես անձամբ չեմ ցանկանա մասնակցել:

-Արամ, մի քանի բլից հարց. ըմբշամարտը քեզ համար…
-Եվ կյանք է, և ապրելակերպ:
-Եթե ոչ ըմբշամարտ, ապա…
-Լող:
-Ռիո-2016…
-Օլիմպիական ոսկի:
-Սիրելի վայր Երևանում…
-Ծիծեղնակաբերդի այգին:
-Նախընտրելի հայկական ուտեստ…
-Տոլմա:
Հարցարույցը` Վարվառա Հայրապետյանի
