Իրավունք

Ավետիսյանների տան ուսումնասիրությունից հետո Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է նախապատրաստում

2 րոպեի ընթերցում

Ավետիսյանների տան ուսումնասիրությունից հետո Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների տունը, դեպքի վայրը, Պերմյակովի երթուղին՝ մինչև զորամաս, ապա` Բայանդուր ուսումնասիրելուց հետո Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է նախապատրաստում ՀՀ քննչական կոմիտե: «Առայժմ ես չեմ կարող հրապարակել նոր միջնորդության մանրամասները և կհրապարակեմ միայն ՀՀ քննչական կոմիտե ներկայացնելուց հետո, քանի որ նախապես հրապարակումը կխանգարի այն նպատակին, որին պետք է ծառայի այս միջնորդությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեմ Սարգսյանը և հավելեց, որ ինքը դեռ չի կարող նշել նոր միջնորդության ներկայացման կոնկրետ ժամկետները:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում