Ռումինիայում Վարուժան Ոսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում է ներկայացվել Սենատին
1 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը կրկին դիմել է երկրի նախագահին եւ Սենատին` սենատոր, Էկոնոմիկայի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բուխարեստից:
2013թ. Ռումինիայի Սենատն արդեն մեկ անգամ մերժել է Ոսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդման ենթարկելու գլխավոր դատախազի դիմումը: Դրանից հետո Ոսկանյանը հրաժարական էր տվել նախարարի պաշտոնից` որոշումը բացատրելով կառավարության գործունեությունը կասկածի տակ չդնելու ցանկությամբ:
Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարարների` Ադրիան Վիդեանուի եւ Վարուժան Ոսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը բարձրացվել էր դեռ 2013թ. սեպտեմբերի 2-ին` Ռումինիայի Կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից: Վարուժան Ոսկանյանը կտրուկ հերքել է իր դեմ մեղադրանքները: