Իրավունք

Վարդան Պետրոսյանի փաստաբանը քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացրեց դատարանին

4 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանի փաստաբանը քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացրեց դատարանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 23-ին տեղի ունեցավ Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական ճառով հանդես եկավ մեղադրվող կողմը:

Մեղադրվող կողմի երեք փաստաբանների և Վարդան Պետրոսյանի վերջին խոսքից հետո տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը խնդրեց խոսքի իրավունք, որի ընթացքում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Բալոյանի արված բոլոր հայտարարությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, որին հետևեց տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանի «դու, սուս, վիժվածք» վիրավորանքը, որին ի պատասխան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանից միջնորդություն խնդրեց քրեական գործ հարուցել` պատճառաբանելով, որ այս երևույթը կրում է հաճախակի բնույթ, ինչն անընդունելի է:

«Ես շատ դժգոհ եմ դատախազի վարքագծքից, որը փոխանակ Վարդան Պետրոսյանի գործով ապացույցները վերլուծի, անընդհատ վեճ էր հրահրում: Բացի այդ` ողջ դատավարության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչները իրենց թույլ են տվել վիրավորել ինձ, քանի որ զգում են, որ իրենց չեն պատժելու, և այդ ամենը արվել է դատավորի թողտվության պատճառով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը կայանալու է հունվարի 26-ի ժամը 14:00-ին:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցած նիստին դատախազ Արթուր Սարգսյանը հանդես եկավ մեղադրական ճառով և պահանջեց Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման: Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ320»մակնիշի մեքենան և հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի երկրորդ կմ հատվածին,իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և, երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքնիրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին, որի հետևանքով «Վազ21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, իսկ ուղևորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում