Իրավունք

Վարդան Պետրոսյանի պաշտպանական ճառին նախապատրաստվել ենք շուրջ մեկ ամիս. փաստաբան

4 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանի պաշտպանական ճառին նախապատրաստվել ենք շուրջ մեկ ամիս. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 23-ին տեղի է ունենալու Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական ճառով հանդես կգա մեղադրվող կողմը:

«Վարդանի պաշտպանական ճառի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս և ճառը տևելու է մեկ ժամից ավելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հունվարի 22-ին կայացած հանդիպմանը հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և հավելեց, որ իրենք նախատեսում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Փաստաբանը հույս հայտնեց, որ, ամեն դեպքում, իր վստահորդը պատիժը կրելու է բաց, ազատ ռեժեմով: «Ես վարել եմ նմանատիպ գործեր, և առանց դիտավորության կատարված բոլոր հանցագործություններով դատապարտված անձիք մեկ կամ երկու տարի հետո ազատ են արձակվում, իսկ պատիժը կրելու ընթացքում կարող են նաև աշխատանքի գնալ»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Նա նշեց նաև, որ քննչական մարմինները այդպես էլ չկատարեցին իրենց պահանջը և չնշանակեցին լրացուցիչ փորձաքննություն:«Եթե լիներ նոր փորձաքննություն, ապա համոզված եմ, որ դրա արդյունքների հիման վրա Վարդան Պետրոսյանը կարդարացվեր, քանի որ նա հարվածել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենային ճանապարհի երթևեկելի հատվածով երթևեկելիս, երբ վերջինս հետընթաց էր կատարում»,- նկատեց Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի դատապաշտպան Մարի Դոզեն իր հերթին նշեց, որ մեղադրական ճառը կարդալուց հետո իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կարծես թե դատաքննության փուլ ընդհանրապես չի եղել: «Վարդան Պետրոսյանի ցանկացած դիմում հաշվի չի առնվել: Բացի այդ` առանց դիտավորության կատարված հանցագործությունների դեպքում պատժաչափը չպետք է խստացվի»,- ասաց նա և հավելեց, որ դատախազ Արթուր Սարգսյանի մեղադրական ճառում բացակայում է Վարդան Պետրոսյանի պատժաչափի հիմնավորումը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցած նիստին դատախազ Արթուր Սարգսյանը հանդես եկավ մեղադրական ճառով և պահանջեց Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան և հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի երկրորդ կմ հատվածին, իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և, երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին, որի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, իսկ ուղևորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը կայանալու է հունվարի 23-ին ժամը 12:30-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում