Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հունվարի 14-ին ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։

Համերգն առանձնահատուկ է իր ձևաչափով. երեկոյի շրջանակներում միահյուսվել էին դասական երաժշտությունն ու գրականությունը։ Հանդիսատեսն ականատես է եղել 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր երաժշտական գործիչ Ալֆրեդ Շնիտկեի Դաշնամուրի և լարային նվագախմբի կոնցերտի կատարման և Լատինական Ամերիկայի ամենահետաքրքիր գրողներից մեկի՝ Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի ընթերցանության միաժամանակյա համադրությանը: «Հերոսների և գերեզմանների մասին» նովելը համարվում է 20-րդ դարի արգենտինական լավագույն վեպերից մեկը՝ այսպես կոչված, «կախարդական ռեալիզմ» ուղղության փայլուն նմուշ, որի հիմնադիրները Սաբատոյի հետ միասին Բորխեսը, Ամադուն ու Մարկեսն են:

Համերգային ծրագրի ընթացքում նվագախմբի հետ հանդես են եկել դաշնակահար Քսենիա Կոգանը, սոպրանո Յերեե Սուհը և ասմունքող, հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը:

Նշենք, որ Ջոն Մալկովիչն աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, ով 1978թ. իր առաջին դերի մարմնավորման պահից մինչ օրս նկարահանվել է 172 ֆիլմերում, հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում: Մալկովիչն արժանացել է բազում հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 2 «Օսկար», 3 «Ոսկե գլոբուս», 3 «Էմմի» և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում