ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան (Մոսկվա) դիմաց այսօր ժամը 14:00-ին մեկնարկած մոմավառությունը մինչ այժմ շարունակվում է: Նախաձեռնության հեղինակ, Մոսկվայում բնակվող Աննա Մազմանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ օրվա ընթացքում, թեպետ փոքիկ խմբերով, սակայն Մոսկվայում բնակվող հայերը գալիս եւ հիշատակի մոմ են վառում դեսպանատան դիմաց:
«Հայրենիքից հեռու գտնվելով, գոնե այս կերպ մեր վիշտն ու բողոքը հայտնենք ընդդեմ կատարված ոճրագործության: Մոսկվայի հայերը սգում են Ավետիսյանների մահը»,- ասաց Մազմանյանը` հավելելով, որ մոմավառության ընթացքի մասին ռեպորտաժ է պատրաստել «Միր» հեռուստաընկերությունը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: