Իրավունք

Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օգնել են գտնել Գյումրու սպանդի կասկածյալին

3 րոպեի ընթերցում

Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օգնել են գտնել Գյումրու սպանդի կասկածյալին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համակարգված փոխգործակցության համար շնորհակալություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ռուս սահմանապահներին, ինչպես և այն սրտացավ քաղաքացիներին, որոնք, ոչ միայն Գյումրիից, հարյուրից ավելի ահազանգերով օժանդակել են իրավապահներին իրենց գործողություններում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ահարոնյանը գրել է.

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի (կամ հանցագործների) ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը:

Դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ: Հսկողության տակ վերցվեցÇÝ Գյումրին, քաղաքի ելումուտը, միջքաղաքային ճանապարհները, ուժեղացված ծառայություն էր կատարվում մայրաքաղաքում, «Զվարթնոց» օդանավակայանում, սահմանային անցակետում:

Օղակն աստիճանաբար սեղմվում էր: Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց. անելանելի վիճակում հայտնված կասկածյալը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման, որտեղ էլ ձերբակալվեց:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համակարգված փոխգործակցության համար շնորհակալություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ռուս սահմանապահներին, ինչպես և այն սրտացավ քաղաքացիներին, որոնք, ոչ միայն Գյումրիից, հարյուրից ավելի ահազանգերով օժանդակել են իրավապահներին իրենց գործողություններում:

Ոստիկանությունը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, մերձավորներին, համաքաղաքացիներին և շուտափույթ ապաքինում մաղթում փոքրիկ Սերյոժային»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում