Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Գյումրիում սպանություն կատարելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի նկատմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը սպանություն կատարելու կասկածանքով հետախուզում է հայտարարել ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ոստիկանությունը հորդորում է լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության հետևանքով զոհվել է 6 անձ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/: 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի: Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ: Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ։