Սատկած խոզի մսի վաճառքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սատկած խոզերի մսեղիքի վաճառքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: «Այսօր Քրեական օրենսգրքի 212 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սպառողներին խաբելը` խոշոր չափով) հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը` գործը բազմակողմանի և լրիվ հետազոտելու ուղղությամբ», - տեղեկացրեց Սոնա Տռուզյանը:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014թ. դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ։Նշված ապրանքի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելով՝ մի մասը՝ սատկած, հոգեվարքի շրջանում մորթված, ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235,3 կգ խոզի միսն իրացվել է մսի վաճառքով զբաղվող անձին:Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հասարակայնության հետ կապրի բաժինը հայտարարություն էր տարածել, ըստ որի` «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ի և «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքներում վաճառվող խոզի մսեղիքներից կատարվել է նմուշառում, իսկ սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` խոզի մսի 20 փորձանմուշից 6-ի դեպքում կենդանին սատկած է եղել: