Իրավունք

ՀՀ ԱԱԾ-ն այս տարի հաքերային հարձակման 140 դեպք է կանխել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ-ն այս տարի հաքերային հարձակման 140 դեպք է կանխել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթություններից է մնում հանրապետության պետական կառավարման համակարգի տեղեկատվական ռեսուրսների անխափան գործունեության ապահովումը և հաքերային հարձակումներից դրանց պաշտպանությունը: Այս մասին ՀՀ ԱԱԾ մասնաիգտական տոնի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: «Սա գործունեության համեմատաբար նոր ոլորտ է մեզ համար, սակայն, ի պատիվ կառավարական կապի և տեղեկատվության վարչության, ինչպես նաև հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների, պետք է փաստենք, որ կատարվող համալիր միջոցառումների արդյունավետությունը համադրելի է միջազգային ամենաբարձր չափորոշիչների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ միայն այս տարի խափանվել է 140 հաքերային հարձակում, կանխվել է պետական կառավարման մարմինների համացանցային համակարգ վիրուսային, վնասարար ծրագրերի ներդրման մոտ հազար փորձ:

Գորիկ Հակոբյանը հայտնեց, որ արձանագրված հաքերային հարձակումների մեծամասնությունը կատարվել է Ադրբեջանի, իսկ որոշ մասը՝ Թուրքիայի տարածքից: «Բացահայտվել են նաև ադրբեջանական տարբեր կառույցների պատվերով այլ երկրների տարածքներից կատարվող հարձակումները: Այդ ոտնձգություններից ոչ մեկը չի հասել իր նպատակին, անվտանգության մարմինների պաշտպանության տիրույթում գտնվող ոչ մի կայք չի կոտրվել, բացառվել է տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը»,- ընդգծեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում