Իրավունք

ՀՀ ԱԱԾ-ն պատրաստ է դիմագրավել ներքին և արտաքին մարտահրավերներին

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ-ն պատրաստ է դիմագրավել ներքին և արտաքին մարտահրավերներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ունակ է, պատրաստ ու վճռական՝ դիմագրավել արտաքին և ներքին մարտահրավերներին: Այս մասին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: «Հայաստանի քաղաքացիների, հասարակության ու պետության շահերին սպառնացող վտանգները կանխելու և խափանելու մեր հաստատակամությունն անբեկանելի է ու անսասան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Նա վստահեցրեց, որ ՀՀ ԱԱԾ-ն այսօր գործում է բարձր պատասխանատվությամբ՝ հավելելով, որ սա ժամանակի հրամայականն է: «Աշխարհում և տարածաշրջանում ռազմաքաղաքական կտրուկ, որոշ դեպքերում` անվերահսկելի զարգացումները, հակառակորդի հատուկ ծառայությունների հետ առճակատման բացառիկ սրությունը որակական նոր մակարդակի բազմաթիվ մարտահրավերներ են առաջադրում: Մեր աշխատակիցները հստակ գիտակցում են այս իրողությունները, պատրաստ են հմուտ ու գրագետ գործելուն՝ օգտագործելով հետախուզական և հակահետախուզական աշխատանքի ամենաժամանակակից մարտավարական մեթոդները»,- շեշտեց Հակոբյանը:

Նա նկատեց, որ Հայաստանը հստակ գործերով է ապացուցում անվտանգության մարմինների աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը, հակառակորդների սանձազերծած ոտնձգությունները խափանելու և կանխելու վճռականությունը: «Դրա ցայտուն օրինակն է ընթացիկ տարում Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալի հերթական բացահայտումը, ինչը հնարավոր եղավ հակահետախուզության և ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունների աշխատակիցների որակյալ ու նախահարձակ օպերատիվ միջոցառումների շնորհիվ: Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ պետական դավաճանության ստորացուցիչ ուղին այդ անձնավորությունը բռնել էր սեփական նախաձեռնությամբ՝ իր ծառայություններն առաջարկելով Վրաստանում Ադրբեջանի դեսպանության քողի տակ գործող այդ երկրի հետախուզական մարմինների աշխատակիցներին: Տվյալ անձի նկատմամբ առաջադրված պետական պետական դավաճանության մեղադրանքն ապացուցվել է դատարանում, և նա դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման»,- նշեց Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ հանրությանն արդեն իրազեկել են Ադրբեջանի հատուկ ծառայություններին հասցված ևս մեկ ջախջախիչ հարվածի մասին: «Հակառակորդի կողմից ձեռնարկվել էր պարզունակ, սակայն մասշտաբային փորձ՝ ինտերնետային սոցցանցերի միջոցով Հայաստանի և Արցախի զինված ուժերի մասին տեղեկություններ կորզելու նպատակով: Ազգային անվտանգության հակահետախուզական ստորաբաժանումների աշխատակիցների հետևողական գործողությունների արդյունքում այդ մտահաղացումը ժամանակին բացահայտվեց»,- ընդգծեց ՀՀ ԱԱԾ տնօրենը;

Գորիկ Հակոբյանն առանձնահատուկ շեշտեց, որ վերը նշված աշխատաքներն արդյունավետ իրականացնելու համար իրենք ստացել են նաև բնակչության տարբեր խավերի բազմաթիվ ներկայացուցիչների գործուն աջակցությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հասարակության ստվար հատվածի համար հայրենասիրությունը վերացական գաղափար չէ, այլ հստակ քաղաքացիական դիրքորոշում: «Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ մենք նպստակային քայլեր ենք կատարում, բացատրական աշխատանք իրականացնում մեր քաղաքացիների, առաջին հերթին երիտասարդների հետ՝ հակառակորդի սադրանքներից և խարդավանքներից զերծ պահելու, բնակչության զգոնությունը բարձրացնելու համար: Ձեռնարկված միջոցառումները տալիս են իրենց ցանկալի արդյունքները»,- նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում