Գորիկ Հակոբյանը կոչ է անում զերծ մնալ իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչերից

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը մի շարք գործիչների կոչ է անում զերծ մնալ ապստամբությունների, իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից: Ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնի կապակցությամբ անցկացվող հանդիսավոր նիստի ընթացքում ունեցած ելույթում Գորիկ Հակոբյանն ընդգծեց, որ բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի ողբերգական իրադարձությունների հանգեցրեց այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» ալիքը՝ ընդգծելով, որ այդ դաժան փորձությունն անցած ժողովուրդները դեռ երկար տարիներ չեն կարողանալու հաղթահարել քաղաքացիական պատերազմների, սոցիալ-տնտեսական և հումանիտար ճգնաժամերի կործանարար հետևանքները: «Ցավոք, մեր ժողովրդին նույնպես վիճակվեց հասարակության բևեռացումը, անհանդուրժողականությունը, անթաքույց չարությունն ու կույր ատելությունը: Իրավիճակը կայունացնելու և բնականոն հունի բերելու համար գերագույն ջանքեր պահանջվեցին: Այդ դեպքերից անհրաժեշտ դասեր չքաղած մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ Ազգային անվտանգության մարմինները չեն պատրաստվում որպես կողմնակի դիտորդ հետևել այս իրադարձություններին: «Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»,- հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Երկիմաստ մեկնաբանությունների և տարաբնույթ շահարկումների տեղիք չտալու համար Գորիկ Հակոբյանը շեշտեց, որ այլակարծության, ընդդիմախոսության, կուսակցական ազատ մրցակցության, բողոքի արտահայտման իրավունքները ժողովրդավարական հիմնարար արժեքներ են և չեն կարող կամայականորեն արգելվել կամ սահմանափակվել: «Սակայն քաղաքացիների իրավունքները հստակ սահմանազատված են ամենաթողությունից, անարխիայից, քաղաքական ծայրահեղականությունից: Քաղաքական գործունեությունում ուժային մեթոդներ կիրառելու, զանգվածային անկարգություններ ու բախումներ հրահրելու սադրանքներին մենք հակադրելու ենք միայն օրենքի ուժը»,- շեշտեց Գորիկ Հակոբյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև սփյուռքահայությանն ընդդիմության ազդեցության ոլորտ ներքաշելու, այդ նպատակով արտերկրի հայկական համայնքներում շտաբեր ձևավորելու մտադրություններին՝ ընդգծելով, որ այդ նախաձեռնությունն իրականացնելու դեպքում ապակառուցողական հեռահար հետևանքներն ակնհայտ են: «Հայաստանի անկախ պետականությքան ամբողջ ժամանակահատվածում միայն համայն հայության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք հավաքական համախմբմամբ է հնարավոր եղել նշանակալի նվաճումներ արձանագրել: Այնինչ, սփյուռքահայության միջավայր ներքաղաքական խնդիրների տեղափոխումը պառակտման իրական պայմաններ կստեղծի թե' հայ համայնքներում, թե' Հայաստան-Սփյուռք կապերում: Այդպիսի հնարավոր զարգացումների ազդեցությունը հայ ժողովրդի առաջընթացի, Հայաստանի տնտեսական աճի, արտաքին քաղաքական նպատակների առաջխաղացման համար խիստ անբարենպաստ են լինելու: Եվ, վերջապես, հարկավոր է ընդունել, որ ներքաղաքական պայքարին պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները, անկախ նրանց ազգային պատկանելիությունից, այս ոլորտում անելիք չունեն»,- նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Գորիկ Հակոբյանը հավելեց, որ տարակուսանք են առաջացնում Սփյուռքում ֆինանսական միջոցներ հայթայթելուն ուղղված որոշ գործիչների ջանքերը: Նա ընդգծեց, որ, ի տարբերություն այդ գործիչների, մեր հայրենակիցների մեծամասնությունը սթափ գիտակցում է, որ ներքաղաքական վայրիվերումները չեն բխում հայության օրվա շահերից, իսկ միասնական կամքն անհրաժեշտ է նպատակաուղղել հայրենիքը շենացնելուն, ժողովրդի կենսական խնդիրները լուծելուն, բազում վտանգներից երկիրը զերծ պահելուն և մարտահրավերներին դիմագրավելուն:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին