Ոստիկանությունը հերքում է քրեական հեղինակությունների` Հայաստան ժամանելու մասին լուրերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ մոտ օրերս Հայաստան են ժամանելու մի խումբ քրեական հեղինակություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ, որում ասված է.
«Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Հայաստան են ժամանելու «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի մահվան տարելիցին մասնակցելու:
Ոստիկանությունը հայտարարում է, որ այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. քրեական աշխարհի ներկայացուցիչները մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում և նրանց յուրաքանչյուր տեղաշարժ վերահսկվում է իրավապահների կողմից՝ ինչպես օպերատիվ իրավիճակի կայունության, այնպես էլ օրենքի և օրինականության ապահովման նպատակով»: