Իրավունք

Ավագ ոստիկանին մեղադրանք է առաջադրվել բանկից 920 հազար դրամ հափշտակելու համար

2 րոպեի ընթերցում

Ավագ ոստիկանին մեղադրանք է առաջադրվել բանկից 920 հազար դրամ հափշտակելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ավագ ոստիկան Արսեն Իսրայելյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել։ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։

Արսեն Իսրայելյանը, ՀՀ ոստիկանության և ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով՝ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղում ծառայություն իրականացնելու ժամանակ, 2014թ. օգոստոսի 19-ին մասնաճյուղի նախաբունկերում օգնության կարգով մասնակցել է կառավարիչ Հասմիկ Հարությունյանի և ավագ մասնագետ Նելլի Ղազարյանի կողմից բանկոմատի դրամապանակները լիցքավորելուն։

Այնուհետև, մինչև ինկասացիայի աշխատակիցների կողմից դրամապանակները տեղափոխելը, ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դրանք տեղավորել է տեսախցիկի տեսադաշտից դուրս՝ նախաբունկերի հետնամասում։

Ապա, օգտվելով բանկի աշխատակիցների կարճատև բացակայությունից, բանկոմատի լիցքավորման համար նախատեսված դրամապանակի կապարակնիքը քաշել-բացելու միջոցով, այնտեղից գաղտնի հափշտակել է 10 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով 92 հատ թղթադրամ՝ ընկերությանը պատճառելով 920 հազար ՀՀ դրամ գույքային վնաս։

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը մեղադրյալ Արսեն Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում