Սփյուռք

Հալեպում հայուհի է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հայուհի է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Ազիզիե թաղամասը դեկտեմբերի 10-ի կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել: Մեծամասամբ քրիստոնյա բնակչություն ունեցող Ազիզիե թաղամասի «Ալ Զահրա» կինոթատրոնի մերձակայքում հրասանդի պայթյունի հետևանքով երիտասարդ հայուհի է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և համապատասխան բուժում ստացել:

Հալեպում բախումները շարունակվում են հյուսիսարևելյան շրջաններում և հարավային գյուղերում:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ էր դարձել ոսկերիչների շուկան՝ «Ֆարհաթ» հրապարակը: Մեծ տակառից պատրաստված հրթիռն ընկել և պայթել է շենքի վրա, որի վերջին հարկը հայի բնակարան է, իսկ մնացածը՝ հայ ոսկերիչների գործարան: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, վնասները միայն նյութական են:

Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցում է 100-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում