ԱՐԵԱԼ արագացուցիչը հաջորդ տարի կիրագործի 5 գիտական ծրագիր
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում առաջին գիտահետազոտական գծային ԱՐԵԱԼ արագացուցիչը, որ նախագծվել և կառուցվել է Հայաստանում, այս տարեվերջից կծառայի գիտական ուսումնասիրությունների անցկացման համար: Որպես հետազոտության նյութ ընտրվել են 5 թեմաներ մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզիկայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցչային նոր տեխնոլոգիաների ոլորտներից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ պատվերներ են ստացել նաև միջազգային հետազոտական կենտրոններից, սակայն հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն հաջորդ տարվանից: «Այս տարի մայիսին Գիտության պետական կոմիտեն հայտարարեց գիտական թեմաների հայտերի ընտրական մրցույթ, որի արդյունքում ընտրված հինգ գիտական թեմաները կիրականացվեն ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա: 2014 թվականի դեկեմբերից Երևանի պետական համալսարանի, Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ճարտարագիտական համալսարանի և Քենդլ ինստիտուտի գիտական խմբերը կսկսեն ԱՐԵԱԼ համալիրում իրականացնել իրենց փորձագիրարական հետազոտությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա: Հարությունյանն ընդգծեց, որ ցանկալի կլիներ հաջորդ տարիներին գիտական խմբեր հյուրընկալել նաև տարածաշրջանի պետություններից, որոնք նույնպես կարող են գիտական ուսումնասիրություն անցկացնել արագացուցչի միջոցով:
Գիտության պետական կոմիտեր նախագահի խոսքով` հունիս-հուլիս ամիսներին սպասում են գերմանական DESY արագացուցչային կենտրոնի տնօրենին: «Այցի ժամանակ կկնքվեն համաձայնագրեր համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Կփորձենք օգտագործողների բանկ ստեղծել, որտեղ կլինեն նաև տարբեր երկրների ծրագրեր, այդ թվում նաև եվրոպական և ռուսական գիտնականների»,- ասաց նա:
ԱՐԵԱԼ արագացուցիչը նախագծվել և կառուցվել է 2011-2013 թթ. ընթացքում: Գիտահետազոտական արագացուցչի արժեքի հիմնական մասը (20 մլն եվրոյի չափով, որը ծրագրի արժեքի 95 տոկոսն է) տրամադրել են եվրոպական խոշոր գիտական կենտրոնները, մնացած մասը հատկացրել է ՀՀ կառավարությունը: ԱՐԵԱԼ արագացուցիչն ընդգրկում է մի շարք բնագավառների` լազերային ֆիզիկայի, բարձր հաճախային տեխնիկայի, գերվակուումային սարքավրումների, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, տարբեր ֆիզիկական պրոցեսների վերահսկման առաջավոր տեխնոլոգիաները: