Հինգ միսիոներ կանանց ճակատագրերը՝ ցեղասպանության մասին պատմող ֆիլմում
5 րոպեի ընթերցում
![Հինգ միսիոներ կանանց ճակատագրերը՝ ցեղասպանության մասին պատմող ֆիլմում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/12/786144.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր ֆիլմ է նկարահանվում, որի կիզակետում հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն են: «Փրկության քարտեզ» պայմանական անվանումով ֆիլմը պատմելու է համամարդկային ցավի, մի ազգին պատահած փորձությունների մասին՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարի մտահղացման հեղինակ, գխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր -տնօրեն Մանվել Սարիբեկյանն «Արմենպրես»-ին պատմել է «Փրկության քարտեզ» ֆիլմի մասին:
«Փրկության քարտեզ»` ֆիլմ մահվանն ընդդիմցող կյանքի մասին
Խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է: Բնօրինակի լեզուն անգլերեն է, թարգմանվելու է նաև հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով: Սա ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին: Սա պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ: Հազարավոր մարդկանց վիշտն ամոքող և խիզախ կանանց հանդեպ երախտագիտության ու հպարտության զգացումներ առաջացնող այս ֆիլմը հետաքրքրելու է և՛ համայն աշխարհում սփռված հայությանը, և՛ նրանց բախտակից մյուս ազգերին, և՛ իհարկե նրանց, ովքեր դեռ երկմտում են «Հայոց ցեղասպանություն» ձևակերպման շուրջ: Ֆիլմը պատմում է 19 - րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես՝ Հայոց ցեղասպանության ժամանակ բողոքի ու ընդվզման ալիքի նման առաջացած հումանիստական շարժման մասին:
Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա: Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայ ազգի կոտորածները: Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները: Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով ու տարբեր երկրներից գալով հայոց հող՝ նրանք անմնացորդ ու անձնուրաց նվիրվել են հայ ժողովրդին: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: Ֆիլմը նվիրվում է մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք ամբողջ հայ ժողովրդի, մարդասիրական հայացքներ դավանող մյուս ժողովուրդների և, ընդհանրապես, վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից: Կինոնկարի բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը, իսկ սցենարի հեղինակն՝ Աննա Սարգսյանը:
Նկարահանումներ` Եվրոպայի և Արևելքի երկրներում
Նկարահանումներին մասնակցել են 15 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարներ: Ֆիլմին աջակցում են 7 երկրների 11 խորհրդատուներ՝ պատմաբաններ, ցեղասպանագետներ, ֆիլմի հերոսների կենսագիրներ: Հունիս-հուլիսին՝ 26 օրվա ընթացքում, նկարահանվել է ֆիլմի մոտ 60 տոկոսը` Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Գերմանիայի, Էստոնիայի 14 քաղաքներում:
Առկա է 25 ժամից ավելի նկարահանված նյութ: Նկարահանումներ են կատարվել թագավորական գրադարաններում, պետական և այլ կազմակերպությունների արխիվներում, թանգարաններում, անձնական արխիվների պահոցներում և թեմային առնչվող այլ վայրերում: Ֆիլմի նկարահանումների մնացած 40 տոկոսը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերին ևս 5 երկրներում` Լիբանան, Պատմական Հայաստան (Թուրքիայի տարածքում), Հունաստան, Սիրիա և Հայաստան:
Ֆիլմի հիմքում հումանիզմն է
Ֆիլմում ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում: Բոլոր ֆիլմերն էլ ունենում են իրենց առաքելությունը: Կինոն և հեռուստատեսությունը հզոր միջոց են, որպեսզի շատ լայն շրջանակներին ներկայացվի ասելիքը. երևի մեր ֆիլմը տարբերվում է նրանով, որ մեզ մոտ առաջին պլանում հումանիստական վեհ գաղափարներն են և շարժումը, այդ շարժման մասնակից հզոր անհատականությունները:
Նկարահանող խմբի և ֆիլմի խնդիրների մասին
Նկարահանող խումբը կազմված է պրոֆեսիոնալ մասնագետներից, որոնք շատ շնորհալի և ճանաչված անհատականություններ են: Առանձնահատուկ նվիրվածությամբ են վերաբերվում ֆիլմին, և աշխատում են առանց հանգստի:
Ցավոք, կինոնկարն առաջ չի գնում, քանի որ բավականաչափ գումար չկա այն ավարտին հասցնելու համար: Հավանաբար դրամահավաք կկազմակերպվի ֆիլմն ավարտին հասցնելու համար:
Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը