Հասարակական

ՀՀ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են լիբանանյան տուրօպերատորների հետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են լիբանանյան տուրօպերատորների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի զբոսաշրջության նախարարության հրավերով և Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ նոյեմբերի 15-ից 21-ը Բեյրութում էր գտնվում զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներից և լրագրողներից բաղկացած ՀՀ պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նոյեմբերի 15-ին ՀՀ դեսպանությունում պատվիրակությունը և նրան ուղեկցող «White Holiday» ընկերության տնօրեն Ռոբերտ Աբիադին հանդիպել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Նոյեմբերի 19-ին «Մոնրո» հյուրանոցում կազմակերպվել է հանդիպում Լիբանանի զբոսաշրջության նախարար Միշել Ֆարաոնի և դեսպան Աշոտ Քոչարյանի մասնակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես է եկել այցի համակարգող և նախաձեռնող Ռոբերտ Աբիադը: Այնուհետև ՀՀ տուրօպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանը ներկայացրել է պատվիրակության անդամներին, ՀՀ տուրօպերատորների միության գործունեության ուղղությունները, ընդգծել է փոխայցելությունների անհրաժեշտությունը երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալներն ավելացնելու համար:

Իր խոսքում դեսպան Քոչարյանը կարևորել է պատվիրակության այցը Լիբանան: Դեսպանը խոսել է հայ ժողովրդի պատմության, հարուստ ժառանգության, մշակույթի, արժեքների և ավանդույթների մասին: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ պատվիրակության այցելությունը Լիբանան կնպաստի զբոսարշջության զարգացմանը երկու բարեկամ երկրների միջև: Դեսպանը նշել է, որ այցելությունը խորհրդանշական է նրանով, որ տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին բարեկամական մի երկրում, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Շնորհակալություն հայտնելով լիբանանյան կողմին աջակցության համար` դեսպան Քոչարյանն ընդգծել է երկու երկրների միջև գոյություն ունեցող հսկայական ներուժի առկայությունն առևտրատնտեսական, ոսկերչության, զբոսարշջության, բանկային և այլ ոլորտներրում:

Իր խոսքում նախարար Միշել Ֆարաոնը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Նա ընդգծել է «MEA» ավիաընկերության կողմից իրականացվող Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղիղ թռիչքների կարևորությունը, ինչն էլ ավելի է մոտեցնում երկու եղբայրական ժողովուրդներին և ստեղծում լավ հնարավորություն` զբոսաշրջությունը զարգացնելու համար: Նախարարը վերհիշել է 1999թ. Հայաստան կատարած իր այցը, նշել լիբանանահայ համայնքի կառուցողական դերը Լիբանանի զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձել է սիրիահայ համայնքի ներկայիս տառապանքներին:

Նույն օրը ՀՀ պատվիրակության պատվին նախարար Միշել Ֆարաոնի անունից տրվել է ճաշ:

Այցի շրջանակներում ՀՀ պատվիրակությունն այցելել է Լիբանանի տեսարժան վայրեր, եղել Անթիլիասի մայրավանքում, հայաբնակ Այնճարում, Զմառռի միաբանության վանքում, հանդիպումներ ունեցել Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի անդամների և լիբանանյան տուրօպերատորների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում