Հասարակական

Հայերի եւ եզդիների բարեկամության նոր խորհրդանիշ. փողոցը կկրի հերոս Ուսուբ բեկ Թեմուրյանցի անունը

3 րոպեի ընթերցում

Հայերի եւ եզդիների բարեկամության նոր խորհրդանիշ. փողոցը կկրի հերոս Ուսուբ բեկ Թեմուրյանցի անունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդի ժողովրդի համար այս ճակատագրական պահին շատ կարևոր է շեշտադրել հայ-եզդիական դարավոր բարեկամության ավանդույթները: Հոկտեմբերի 16-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում Մայիսյան հերոսամարտերի մասնակից, եզդի ժողովրդի արժանավոր զավակ Ուսուբ բեկ Թեմուրյանցի անունը կրող փողոցի ցուցատախտակի բացմանն ասաց «Արմենպրես»-ի տնօրեն, պատմաբան Արամ Անանյանը: «Աշխարհը պետք է տեսնի, որ մեր բարեկամ ժողովուրդը միայնակ չէ իր պատմության այս ճակատագրական հանգրվանում: Այս միջոցառումը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ երկու ժողովուրդների միջև համագործակցությունը հիմնված է դարավոր բարեկամության վրա: Սա նաև հայ ժողովրդի երախտիքի խոսքն է ուղղված իր եղբայրական ժողովրդին` հայ պետականության հիմնադրման համար պայքարում հայերի և եզդիների մեծ զավակի բերած ներդրման համար»,- ասաց Անանյանը:

Իր հերթին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով Էջմիածնի ավագանուն, քաղաքապետին որոշման համար, ընդգծեց, որ հայերը պետք է միշտ ուշադիր լինեն բարեկամ եզդի ժողովորդի նկատմամբ և գնահատեն միասին անցած ուղին: «Եզդիները թերևս միակ ժողովուրդն են, որ հայերի հետ կիսել են թե ճակատագրական ողբերգական իրադարձությունները, թե հաղթական օրերը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք մեր հերոսներին պատմության խորքերից վեր հանելու և հասարակությանը ներակայացնելու գործում»,- նշեց պատմաբանը:

1918թ. Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից, Հայաստանի 1-ին հանրապետության խորհրդարանի անդամ, ռազմական, քաղաքական և ազգային խոշոր գործիչ Ուսուբ բեկ Թեմուրյանցը 1896 թվականից եղել է Անդրկովկասի եզդիների առաջնորդը, իր գործունեության ողջ ընթացքում ամրապնդել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերը, ծառայել հայոց պետականության վերականգնման և կայացման մեծ նպատակին:

Փողոցի անվանակոչմանն իր ներդրումն ունեցած, Սարդարապատի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը նշեց, որ այս փողոցն այսուհետ մեզ մոտեցնելու է Ուսուբ բեկին` կապ հաստատելով նաև մեր մյուս հերոսների հետ:

Իսկ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, հայնտեց, որ քաղաքապետարանը Ուսուբ բեկ Թեմուրյանցի անունը կրող փողոցին հարող փողոցը ծրագրում է կոչել «Բարեկամության»` ի նշան դարերով եկած բարեկամական պատմության: «Ավագանու առաջիկա նիստում նաև այդ հարցը կբարձրացվի»,- ասաց նա:

Ուսուբ բեկը վախճանվել է Շամիրամում 1934թ. հունվարի 12-ին: Հայաստանի անկախության հռչակումից հետո միայն հնարավոր դարձավ ճշմարտությունը ի հայտ բերել և ըստ արժանավույն գնահատել եզդի ժողովրդի մեծ զավակի կյանքն ու գործը: 2007թ. Ուսուբ բեկի անունով կոչվեց Շամիրամ գյուղի դպրոցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում