Էդմոն Մարուքյանն առաջարկում է վերականգնել քաղաքացիների՝ վարչական գործերով վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերականգնել վարչական գործերով քաղաքացիների և իրավաբանական անձանց վճռաբեկ բողոքն անձամբ ներկայացնելու իրավունքը:

Պատգամավորն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը: Խնդրո առարկա օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով մասնավորապես նախատեսվում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր իրավաբանորեն գրագետ ու հիմնավոր վճռաբեկ բողոքների ապահովումը, սակայն նման լուծումը չի ծառայում այդ նպատակի իրագործմանը, ավելին, այդ ճանապարհով խախտվում է Սահմանադրությամբ ու Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ քաղաքացիների դատարան դիմելու իրավունքը:

Նախագծի ընդունումը հիմնավորվում է նրանով, որ տվյալ դրույթը խախտում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, առանց օբյեկտիվ հիմքի ու ողջամիտ նպատակի խտրականություն սահմանում մասնավոր անձանց ու վարչական մարմինների միջև: Խնդիրը հիմնականում հանգում է նրան, որ վարչական գործերով անվճար փաստաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունը մեր օրենսդրությամբ խիստ սահմանափակ է:

Հետևաբար, դատական պաշտպանության իրավունքից ու հնարավորությունից ուղղակիորեն զրկվում են բազմաթիվ քաղաքացիներ:

Ավելին, խտրական մոտեցում է ցուցաբերվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց և վարչական մարմինների միջև, քանի որ նորմը սահմանափակում է նախատեսում միայն առաջինների մասով, իսկ վարչական մարմնի անունից վճռաբեկ բողոք կարող է բերել անգամ իրավաբանական կրթություն չունեցող անձը:

Այսպիսով, գործող օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրության 14-րդ, 18-20-րդ հոդվածներին, ՄԻԵԿ 6-րդ հոդվածին և Եվրոպական դատարանի կողմից մինչ այժմ ձևավորված դատական պրակտիկային:

Առաջարկվող նախագծի ընդունմամբ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ևս հնարավորություն կստանան վարչական գործերով անձամբ վճռաբեկ բողոք ներկայացնելու, հետևաբար, նրանց դատարանի մատչելիության իրավունքն այլևս չի խախտվի:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի