Քաղաքականություն

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կվնասի թուրք-հունական հարաբերություններին. «Հուրիեթ»

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կվնասի թուրք-հունական հարաբերություններին. «Հուրիեթ»

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանում «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի ընդունումը, որը նախատեսում է քրեական պատիժ ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, կարող է վնասել թուրք-հունական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Լրատվամիջոցը նշում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Հունաստանի վարչապետ Անդոնիս Սամարասի հետ, ինչի ժամանակ իր մտահոգություններն էր հայտնել դեռևս քննարկման մեջ գտնվող բանաձևի առնչությամբ: Էրդողանը հայտնել էր, որ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար ազդել թուրք-հունական հարաբերությունների վրա, ինչին ի պատասխան Հունաստանի վարչապետը հավաստիացրել էր, թե խոսքը գնում է «մահացածների նկատմամբ հարգանք ցուցաբերելու մասին և բանաձևը չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ իրենց հարաբերություններին»:

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ձայների 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում