Քաղաքականություն

Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանում ավարտվեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունն, ու 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ օրիագիծն ընդունվեց: Այսպիոսով Հունաստանը երրորդ պետությունն է` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել Հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ: Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքը Հայոց ցեղասպանությանը Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու են համարում թուրքական կառավարությանը:

Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել են աշխարհի 2 տասնյակից ավելի երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում