Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքը կմասնակցի Գոմոթինիի հայկական եկեղեցու 180-ամյակի միջոցառումներին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թրակիա այցելության ժամանակ` սեպտեմբերի 23-ին նախատեսված է Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հանդիպումը տեղի հայ համայնքի եւ Գոմոթինիի հայկական եկեղեցու հոգեւորականների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Քերոբ Էսքիազյանն ասաց, որ պատրիարքի հետ քննարկվելու են ինչպես հասարակական, այնպես էլ կրոնական հարցեր:
«Հայ եւ հույն եկեղեցիների հարաբերությունները միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա եւ այս առումով պետք է փաստել, որ հանդիպումը կլինի եղբայրական բարեկամական հողի վրա: Սեպտեմբերին հունահայ համայնքը պետք է տոնի Հունաստանում ամենահին` Գոմոթինիի հայկական եկեղեցու` Սուրբ Գրիգոր Լուսավորչի կառուցման 180-ամյակը: Տոնակատարությունների անցկացումը համընկավ Պատրիարքի այցելության հետ, եւ մենք երջանիկ ենք, որ պատրիարքը սիրով համաձայնեց մասնակցել հայկական եկեղեցում կազմակերպվելիք տոնակատարությանը»,- ասաց Էսքիազյանը:
Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում հովվապետական այց կկատարի Թրակիա: Այցը պատրիարքը նախատեսել էր դեռեւս նախորդ սուրբ ծնունդից: Այցի շրջանակներում պատրիարքը կայցելի նաեւ տեղի հայկական Գոմոթինի թաղամասն ու Գոմոթինիի հայկական եկեղեցին: Պատրիարքի առաջին կանգառը կլինի Դիդմոթիքոն, որտեղ նա կմատուցի Հայրապետական սուրբ պատարագ:
Նույն ժամանակահատվածում հովվապետական այցով Հունաստանում կլինի նաեւ Արամ Ա Կաթողիկոսը: Ամենայն հավանականությամբ, այցը կկայանա սեպտեմբերի 22-30-ն ընկած ժամանակահատվածում: Արամ Առաջինը կլինի Աթենքում, Սալոնիկում, Գոմոթինիում: Գոմոթինիում վեհափառը եւս կմասնակցի նաեւ Գոմոթինիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 180-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին: Կաթողիկոսը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, հոգեւոր եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսվում է նաեւ, որ Արամ Ա-ն հանդես կգա դասախոսությամբ: