Հայ դպրոցականները հոկտեմբերին կմասնակցեն աստղագիտության միջազգային օլիմպիադային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ դպրոցականներն այս տարի մեծ հաջողություններ են արձանագրել միջազգային օլիմպիադաներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ընդամենը մի քանի առարկաներից հայ պատանիները հասցրել են 15 մեդալ նվաճել:

«Մեծ նվաճումներ ենք ունեցել այս տարվա միջազգային օլիմպիադաներից: Մեր հերոսները շատ մեդալներ են ստացել: Բավականին արդարացրին մեր սպասելիքները, բոլոր առարկաներից մեդալներ ունեցանք, բացի քիմիայից: Հպարտանալու մեծ տեղ ունենք»,-նշեց Նարինե Հովհաննիսյանը:

Դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաների մեկնարկը տրվեց մաթեմատիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայով, որն այս տարի անցկացվեց հուլիսի 3-13-ը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճեց 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: «Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան էլ անցկացվեց հուլիսի 6-13-ը Ինդոնեզիայում: Մեր երեխաները նվաճեցին 3 բրոնզե մեդալ: Այնուհետև Թայվանում հուլիսի 13-20-ը անցկացվեց «Ինֆորմատիկա» առարկայի 26-րդ միջազգային օլիմպիադան: Հայ աշակերտները ստացան չորս մեդալ` երկու արծաթե և երկու բրոնզե:

Հայ պատանի կմասնակցի նաև ֆիզիկայի 45-րդ միջազգային օլիմպիադային, որն այս տարի կանցկացվի հուլիսի 13-ից 21-ը, Ղազախստանում: Արդյունքում ունեցանք հինգ մեդալ` երեք արծաթե և երկու բրոնզե:

«Մնացել է միայն աստղագիտության օլիմպիադան, որը կանցկացվի հոկտեմբերի 12-21-ը Ղրղզստանում: Հուսանք, որ այդ օլիմպիադայից ևս մեդալներով կվերադառնանք: Նշեմ, որ մենք մեր հարևան երկրների շարքում մեդալներով առաջատարն ենք, և սա հպարտանալու շատ լավ առիթ է: Հանրապետական առարկայական օլիմպիադաներին ևս բավականին ակտիվ մասնակիցներ ունեցանք և շատ լավ ցուցանիշներ»,-նշեց Նարինե Հովհաննիսյանը:

Օլիմպիադաների մասնակից երեխաներն այս տարի հիմնականում Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, «Քվանտ» վարժարանից և «Այբ» ավագ դպրոցից են: Մաթեմատիկայի օլիմպիական թիմում մասնակից կար նաև Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցից, իսկ կենսաբանության օլիմպիական թիմում՝ Կապանի թիվ 2 ավագ դպրոցից: Մասնակից-պատանիները 10-12-րդ դասարանների աշակերտներ էին:

Հայաստանը մշտապես մասնակցում է միջազգային օլիմպիադաներին, իսկ մրցաշարերին մասնակցող թիմերը ձևավորվում են հանրապետական օլիմպիադաների հաղթողների միջոցով: 2012 թվականին միջազգային օլիմպիադաներից հայ աշակերտները բերել են 16 մեդալ, իսկ նախորդ տարի`15:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն Русский